Խորհրդարանի լիագումար նիստում այսօր ավարտվեց 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, թե սա իներցիոն բյուջե է․ ասում է՝ այս բյուջեն պետք է արտացոլեր հեղափոխական սպասումները, ինչը չի արվել։
«Ասում էիք, որ 800 միլիոն դոլարով բյուջեն կավելացնեք, ո՞ւր է էդ բյուջեն։ Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է էդ ստվերը։ Երեկ պարոն Մինասյանը շատ հստակ ներկայացրեց՝ ընդամենը 1․3 տոկոս։ Այս քանի օրն էլ իմացանք, որ հնարավոր է հեղափոխական Հայաստանում էվոլյուցիոն օպտիմալացում։ Հիմա դրա անունը դնում եք էվոլյուցիոն, բնականոն, բայց օպտիմալացում է։ Կարծում եմ, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է, որը շատ կարևոր է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը չի կարելի իրականացնել ասֆալտին փռելու ճանապարհով», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը։
Ակնկալվում է, որ 2018-ը կփակվի 6․5 տոկոս տնտեսական աճով, իսկ 2019-ի համար բյուջեի նախագծով սահմանված է 4․9 տոկոս աճ: Հանրապեական խմբակցության պատգամավորների այն հայտարարություններին, թե սա նշանակում է, որ մարդիկ 2019-ին ավելի վատ են ապրելու, տնտեսական զարգացման և ներդումային հարցերի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հակադարձեց․ - «Ճիշտ չէ, որ մարդիկ ապրելու են ավելի վատ, քան 2018 թվականին, ճիշտ է, որ լավ կլիներ, որ այդ աճն ավելի բարձր լիներ»։
Շարմազանովի քննադատության թիրախում հայտնվեց նաև կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը, ընդդիմադիր պատգամավորը բյուջեի նախագծում չի տեսնում հայագիտության բլոկին տրված ռազմավարական կարևորությունը։
«Տենց հեգնանքով ասում եք՝ «կոռուպցիայի դեմ պայքարն եք սարքել ձեր դրոշակը»։ Բա ի՞նչ պետք է անենք, բա դպրոցից, բուհից, մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չեն ազդո՞ւմ էդ կրթության որակի վրա, դրոցից գումար եք տանում, դա անմիջապես ազդումէ կրթության որակի վրա։ Պարոն Շարմազանով, պետք է ասեմ, որ միլիարդավոր դրամներ են տրվում հայագիտությանը, բայց արդյունքը շատ փոքր է։ Եվ, այո՛, այս ուղղությամբ հիմա մենք նայում ենք՝ ուր են գնում այդ գումարները, ինչ անորակ պարբերականների են գնում այդ գումարները», - նշեց Արայիկ Հարությունյանը։
Չնայած քննադատությանը, ՀՀԿ-ն հայտարարեց նախագծին կողմ քվեարկելու մասին, քանի որ որդեգրել են կառավարության աշխատանքը չխոչընդոտելու քաղաքականություն։ «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները ևս կողմ քվեարկեն։
«Խորհրդարանը, որը հաստատում է այդ բյուջեն, այն վերահսկելու հնարավորություն չունի, այն կառավարությունը, որը ներկայացրել է այդ բյուջեն շատ հավանական է, որ նույն կազմով այդ բյուջեն կատարելու հնարավորություն չունի, և ուրեմն իսկապես ստեղծվել է այդ տարօրինակ իրավիճակը», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ նշեց. - «Հետհետաղփոխական շրջանում այն բյուջեն, որը ներկայացված է, հեղափոխական սպասումներին համարժեք բյուջե չի»։
Հարկային եկամուտները 2019-ին կկազմեն 1 տրլն 399 մլրդ դրամ, պաշտոնական դրամաշնորհները՝ 39 մլրդ, այլ եկամուտները՝ 25.4 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը 2019-ին կանխատեսվում է 151.5 մլրդ դրամ, որից 54 մլն դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին, մնացածը՝ արտաքին: Պետական պարտքի սպասարկմանը 2019-ին կտրամադրվի 357 մլրդ դրամ։
Խորհդարանում բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվեցին առնվազն 4 օրով։ Ամենայն հավանականությամբ նախագիծը քվարկության կդրվի արտահերթ նիստում՝ նոյեմբերի 21-ին։ Այդ մասին տեղեկացրեց ԱԺ նախագահ Արար Բաբլոյանը, ով պատգամավորներին հորդորեց անկախ նախընտրական զբաղվածությունից ամեն ինչ անել այդ օրը քվորում ապահովելու համար՝ հաշվի առնելով հարցի կարևորությունը: