Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխող կուսակցությունում պնդում են՝ ընդդիմության նպատակը հեղափոխությունն է


Վրաստան - Հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունները Քութաիսիի ընտրատեղամասերից մեկում
Վրաստան - Հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունները Քութաիսիի ընտրատեղամասերից մեկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարները պնդում են` ընդդիմության նպատակը ոչ թե օրինական մեթոդներով իշխանության համար պայքարելն է, այլ նոր հեղափոխությունը: Այս մասին հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության առանցքային ղեկավարներից մեկը` Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Ազգային միացյալ շարժման ծրագրերը կապված են ոչ թե ընտրությունների, այլ իրադարձությունների հեղափոխական սցենարի հետ: Ազգային միացյալ շարժումը այդ նպատակով օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները: Նրանք հատել են բոլոր սահմանները և անում են ամեն ինչ իշխանությունը վերցնելու համար», - հայտարարում էր Կալաձեն` պնդելով, սակայն, որ իշխանությունները կանեն հնարավորը «Սաակաշվիլիի, Վաշաձեի և նրանց սպասարկող ռուսաստանցի քաղտեխնոլոգների հեղափոխական պլանները կանխելու համար»:

Հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Ազգային միացյալ շարժում» և 9 այլ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Գրիգոլ Վաշաձեն գրեթե հավասար թվով քվեներ ստացան: Իշխանական թիմի ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմադիր թեկնածուի անսպասելի հաջողության գլխավոր ճարտարապետը Սաակաշվիլիի աջակիցների թիմում աշխատող ռուսաստանցի քաղտեխնոլոգներն են:

Խոսքը մասնավորաբար Վիտալի Շկլյարովի մասին է, ով, սակայն, հերքում է «Վրացական երազանք»-ից հնչող այն պնդումները, թե ինքը սերտ առնչություններ ունի ռուսաստանյան իշխանամետ շրջանակների հետ:

«Ես Բելառուսի քաղաքացի եմ, վերջին տասը տարիներին բնակվում եմ Միացյալ Նահանգներում: 2016-ի ներկուսակցական ընտրությունների ընթացքում մասնակցել եմ դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսի քարոզարշավին, 2018-ին էլ աշխատել եմ Ռուսաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբում», - նշում է Շկլյարովը` հատուկ ընդգծելով, որ ինքը ընտրական, այլ ոչ թե հեղափոխական տեխնոլոգիաների մասնագետ է:

Ազգային միացյալ շարժման ղեկավար անդամները ևս պնդում են` հեղափոխության մասին հայտարարությունները անկայունությունից հոգնած շարքային ընտրողին վախեցնելու նպատակ ունեն:

«Հեղափոխությունների և հեղաշրջումների մասին կառավարության կողմից շրջանառության մեջ դրվող աբսուրդային պատմություններին վերջ տալու ժամանակն է: Վրաստանի բնակչությունն այլևս չի հավատում կառավարության ստեղծած այդ խրտվիլակներին: Մարդիկ շատ լավ տեսնում են, թե ովքեր են իրականում քաղաքացիական պատերազմ ցանկանում հրահրել», - հայտարարում էր Ազգային միացյալ շարժման ղեկավարներից Զաալ Ուդումաշվիլին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի կոնկրետ օրը Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի նշանակել: Ըստ ամենայնի՝ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG