Մատչելիության հղումներ

«Եթե ես լինեի Հանրապետական կուսակցության տեղը, պաուզա կվերցնեի քաղաքական կյանքի մասնակցությունից». Միրզոյան


Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը անհեթեթ է որակում Հանրապետականի խորհրդի քաղաքական հայտարարությունը, որում նախկին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանության մենաշնորհման ճանապարհով գնալու մեջ:

«Ինձ թվում է անհեթեթ հայտարարությունների շարքից է։ Կարծում եմ, որ դասեր չեն քաղել և ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, երբ շարունակաբար դու կատարում ես նույն սխալը, իսկ այդ սխալը կայանում է անկեղծ չլինելու մեջ, եթե դու անընդհատ անկեղծ չես ինքդ քո հետ և ժողովրդի հետ, բոլորը դա տեսնում են և չեն ընկալում որևէ հայտարարություն», - ասաց Ավինյանը։

Հանրապետական կուսակցությունը օրերս իր խորհրդի նիստում քաղաքական հայտարարության ծավալուն տեքստ էր քննարկել, որը պետք է ընդունվի նաև գործադիրի նիստում, դրանում նշվում է, որ Սերժ Սարգսյանի երկար տարիների փորձը, նոր սերնդի ղեկավարներին անցնցում փոխանցելու պատճառով էին նրան առաջադրել վարչապետի պաշտոնում, սակայն իրենց այդ քայլը ճիշտ չմեկնաբանվեց և հանգեցրել է բողոքի ցույցերի։

Հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը համարվում է 2008 թվականի «Մարտի 1»-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, ով վարչապետ ընտրվելուց հետո «որդեգրել է իշխանության մենաշնորհման ուղին, ձևավորվել է վախի, պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ»:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կարծում է՝ Հանրապետականը ամենավերջին ուժն է, որ կարող է իշխանության մենաշնորհման մասին մեղադրանք հնչեցնել: Ըստ Միրզոյանի՝ այսօր Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում Հանրապետական կուսակցության վարած քաղաքականությունն է։

«Եթե ես լինեի Հանրապետական կուսակցության տեղը, չնայած ես չեմ պատկերացնում ոնց կարող էր այդպես լինել, ես ընդհանրապես պաուզա կվերցնեի քաղաքական կյանքի մասնակցությունից, որովհետև բոլոր այն խնդիրները, որոնք մենք ունենք այսօր մեր երկրում և մեր երկրի շուրջ արտաքին աշխարհում, այդ բոլոր խնդիրները, իրենց արմատներով, գնում են դեպի Հանրապետական կուսակցության վարած քաղաքականություն։ Բոլոր արատավոր երևույթների, արատավոր իրողությունների սկզբնաղբյուրը և պատճառը իրենք են», - նշեց Արարատ Միրզոյանը։

Հանրապետականի հայտարարությունը անհեթեթություն է որակում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. - «Ես կարծում եմ՝ իրենք պիտի ապաշխարհեն, իրենք պիտի ընդունեն, որ իրենց սխալների պատճառով, երկրի զարգացման ուղին ուղղակիորեն խեղվել է։ 20 և ավել տարի իրենք զարգացումից հետ են գցել Հայաստանը և հիմա հնարավորություն կա շտկելու երկրի ողնաշարը։ Իրենք ոչ թե պիտի մեղադրեն, ոչ թե պիտի անընդհատ փորձեն անիվի մեջ փայտ խրել, խանգարել այս ընթացքին, այլ պիտի փորձեն առնվազն չխանգարել»:

Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է՝ առաջիկա ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանում իրենք հավակնում են միակ ընդդիմադիրը լինել: Իսկ ինչո՞ւ Հանրապետականի ցուցակում տեղ չի գտել և ընտրություններին չի մասնակցի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ում դեռ կես տարի առաջ Հանրապետականում անփոխարինելի էին համարում և որպես փորձառու ղեկավարի առաջադրել էին նաև վարչապետի պաշտոնում, Շարմազանովը պատասխանեց. - «Հիմա այլ իրավիճակ է, հիմա բոլորիս էլ պարզ է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի գնում ընտրությունների իշխանությունը վերանվաճելու։ Մենք լուսնից չենք իջել և առաջին տեղը և վարչապետի ընտրությունը կատարել է ժողովուրդը՝ հրապարակում։ Դեկտեմբերի 9-ին այդ որոշումը պետք է լեգալացվի կամ լեգիտիմացվի։ Մենք մասնակցում ենք ընտրություններին, որպես ընդդիմադիր իրական բևեռ ձևավորելու, որպեսզի Հայաստանում հաղթանակի բազմակարծությունը»։

Ըստ Շարմազանովի՝ ժողովուրդը պետք է իրենց հավատա, քանի որ նոր իշխանությունների հիմնական քննադատն են․ - «Կա երկու բևեռ․ ով դժգոհ է մեզնից պետք է ընտրի Փաշինյանին, ով դժգոհ է Փաշինյանից և իրական ընդդիմության կարիք ունի, պետք է ընտրի մեզ։ Եթե Փաշինյանը սպիտակն է, ես սևն եմ»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ իշխանություններին քննադատելով չի որոշվում, թե ով է իրական կամ կեղծ ընդդիմությունը:

«Ինչ վերաբերում է Հանրապետականներին, որ ասում են իրենք յոթ ամիս չեն քննադատել, ի՞նչը քննադատեինք, յոթ ամիս սաբոտաժ անեինք հա՞։ Մենք յոթ ամիս աջակցել ենք, որ հեղափոխությունը որևէ ձևով չվտանգվի, իրենք ամեն ինչ արել են, որ վտանգվի։ Այո, մենք պաշտպանել ենք հեղափոխության արժեքները, բայց դա չի նշանակում, որ ընտրությունների ժամանակ մենք չունենք մեր առանձին ճանապարհները, տեսլականներն ու մոտեցումները», - ընդգծեց Մարուքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG