«Մենք որևէ քաղաքական օրակարգ չունենք։ Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ մշտադիտարկելու համար», - այսօր հայտարարեցին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները:
Առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկի խոսքով՝ որևէ միտում, նախախնամություն չունեն, աշխատելու ենք «բաց աչքերով ու ականջներով»:
«Մենք չենք կարող գալ, եթե մեզ չհրավիրեն: Բայց դա որևէ ձևով չի նշանակում, որ մենք կախվածություն ունենք կամ որևէ կողմնակալ վերաբերմունք ունենք, պարզապես այսօր մեզ այս կառավարությունն է հրավիրել», - ասաց Ուրշուլա Գաչեկը:
2017 թվականի խորհրդրարանակ ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույցում մատնանշել էր, որ Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակաս կա: Իսկ ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկություններն ստվերել են ընտրությունների ընթացքը:
«Ազատության» դիտարկանը, որ այսօր իրավիճակ է փոխվել, երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, և արդյո՞ք այս հանգամանքը դիտորդների գնահատակի վրա կազդի, տիկին Գաչեկը պատասխանեց, թե հետևել են ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած բավական հետաքրքիր քաղաքական իրադարձություններին, սակայն գնահատելու են այն ամենը, ինչ ազդելու է ընտրական գործընթացի վրա․ - «Մենք նախնական դիրքորոշումով չենք եկել, չգիտենք, թե ինչպիսին են լինելու ընտրությունները: Կիրառվելու են նույն չափանիշները, մոտեցումները, որոնք կիրառվել են նախորդ ընտրությունների ժամանակ: Հետո կհավաքենք բոլոր փաստերը, մանրակրկիտ կուսումնասիրենք բոլոր դեպքերը: Եվ միայն այն ժամանակ կտանք եզրակացություն, երբ որպես ականատես արձանագրեքն այն ամենը, ինչ կտեսնենք ընտրություններին: Այդ ժամանակ էլ կասենք՝ արդյո՞ք այս նոր հեղափոխութոյւնը ինչ-որ իրավիճակ փոխել է, թե՞ ոչ»:
Դեսպանին հիշեցրին, որ նոր կառավարությունը մտադիր էր նոր Ընտրական օրենսգրքով գնալ ընտրութունների, սակայն Ազգային ժողովը տապալեց օրինագիծը և ընտրություններն անցնելու են հին օրենսգրքով: Նա հստակ չպատասխանեց հարցին, թե արդյոք այս հանգամանքը ստվեր կգցի ընտրություններ վրա՝ ասելով միայն, թե կաշխանեն այն օրենքով, որը գործում է:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից տեղեկացնում են, որ այս պահին Հայաստան է ժամանել 13 դիտորդ 11 երկրից։ Ավելի ուշ կմիանան նաև 24 երկարաժամկետ դիտորդներ: Ընտրություններից մի քանի օր առաջ էլ կժամանեն 250 կարճաժամկետ դիտորդներ: Դիտորդական առաքելության կազմում կընդգրկվեն նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ, Եվրախորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական պառլամենտի պատգամավորներ: