Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյանը նպատակահարմար չի համարում ՀՀԿ ցուցակով առաջադրել թեկնածությունը


Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկնապետ Ալիկ Սարգսյանը առաջադրվելը նպատակահարմար չի համարում ՀՀԿ-ի տարածքային վարկանիշային ցուցակով առաջադրել թեկնածությունը Արարատի մարզում:

«Ես չեմ առաջադրվելու: Նպատակահարմար չեմ գտնում: Ազգային ժողովում հետագա գործունեությունս շարունակելը», - հայտարարեց Սարգսյանը:

Ալիկ Սարգսյանը Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի ղեկավարն է: Նախորդ խորհրդարանական ընտրություններում այս մարզից ընտրվել է ռեյտինգային կարգով՝ ստանալով 6 հազար 500 քվե:

Նախկին ոստիկանապետը վստահ է, որ եթե առաջադրվեր, այս անգամ էլ իր օգտին քվեարկողներ կլինեին, իշխանափոխությունից հետո՝ գուցե ավելի պակաս:

Հարցին, թե հնարավոր է, որ հանրության շրջանում ՀՀԿ-ի վարկանիշը և չընտրվելու հեռանկարն է իրեն կաշկանդվել առաջադրվելու հարցում, Սարգսյանը պատասխանեց․ - «Ոչ, որևիցե կաշկանդվածություն ես չունեմ ընդհանրապես չունեմ, երբևիցե չեմ էլ ունեցել: Չեմ պատրաստվում անել մի բան, որ հետո վատ վիճակի մեջ ընկնեմ: Իմաստ չունի»:

Որպես կուսակցության տարածքային կառույցի ղեկավար նա մասնակցություն կունենա նախընտրական, կազմակերպչական հարցերում, բայց համայնքներում նախկին իշխանության օգտին քարոզչությանը թերևս չմասնակցի․ - «Քարոզված ա արդեն ամեն ինչ: Մարդիկ ամեն ինչ գիտեն: Ովքեր համախոհ են, ովքեր ուզում են ձայն տալ, ովքեր գիտակցում են․․․ Բնականաբար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ձայն կհավաքի, ստեղ երկրորդ կարծիք չկա: Բայց որ մարդկանց մի զանգված կա, որոնք մի քիչ ավելի խորը ինքնագիտակցությամբ կարող են հասկանալ, գիտակցել, որ երկրին պետք է անպայման ընդդիմություն, ընդդիմադիր ուժեր, ես կարծում եմ, նրանք էդ ուժը կտեսնեն Հանրապետական կուսակցության մեջ»:

Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը նույնպես արտահերթ ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը:

Նա նույնպես հավաստիացնում է, թե պարտվելու հեռանկարից չի խուսափել․ նախկինում իրեն ընտրել են որպես Հակոբ Հակոբյան, այլ ոչ թե Հանրապետական կուսակցության անդամ․ - «Իմ ընտրողները ինձ են քվեարկում, միշտ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հակոբ Հակոբյան են քվեարկել՝ անկախ նրանից, թե ես որտեղ եմ եղել»:

Գեղարքունիքի մարզից նախորդ ընտրություններում ռեյտինգային կարգով պատգամավոր ընտրված Ռաֆիկ Գրիգորյանը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր վերջնական որոշումն ավելի ուշ կհայտնի: Այդուհանդերձ ասաց, թե ՀՀԿ-ում հակված են այդ ընտրատարածքում թեկնածուների ցանկը երիտասարդացնելու:

Կուսակցությունների համամասնական և վարկանիշային թեկնածուների ցանկը վերջնականապես պատրաստ կլինի վաղը: Ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG