Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնուն արգելել են մեկնել Ռուսաստանից


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն այսօր արգելել են հեռանալ Ռուսաստանից: Մոսկովյան օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Ֆրանկֆուրտ, այնուհետև՝ Ստրասբուրգ, որտեղ նոյեմբերի 15-ին պետք է կայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն իր հարցով, նրան պարզապես ասել են, որ չի կարող մեկնել Ռուսաստանից:

Ստրասբուրգում Եվրադատարանը պետք է որոշի, թե արդյո՞ք ընդդիմադիր գործչի բազմաթիվ ձերբակալությունները 2011-14 թվականներին քաղաքական պատվեր են:

«Դատարանն առանց ինձ էլ այդ որոշումը կկայացնի, սակայն մեր իշխանությունների համար սկզբունքային հարց է, որ ես ներկա չլինեմ», - իր բլոգում գրել է Ալեքսեյ Նավալնին:

Արգելքը կարող է կապված լինել «Կիրովլես»-ի հայտնի գործի հետ: Նավալնին պետք է այս գործի շրջանակում վճարի շուրջ 2 միլիոն ռուբլի փոխհատուցում, և այս մասին որոշումը հրապարակվել է նոյեմբերի 9-ին:

Նավալնու փաստաբաններն ասում են, որ բողոքարկելու են թե՛ այդ որոշումը, թե՛ երկրից հեռանալու արգելքի մասին որոշումը:

«Կիրովլես»-ի ու Yves Rocher-ի հայտնի գործերի շրջանակներում մեքենայությունների մեղադրանքով Ալեքսեյ Նավալնին դատապարտվել էր պայմանական անազատության, ինչի պատճառով էլ նրան չեն գրանցել որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու այս տարի անցած նախագահական ընտրություններին: Ընդ որում, բազմաթիվ իրավապաշտպաններ ահազանգում էին, որ գործը պատվիրված է, և կոչ էին անում Ռուսաստանի իշխանություններին չեղարկել այդ մեղադրանքը և թույլ տալ Նավալնուն մասնակցել ընտրություններին:

Ալեքսեյ Նավալնին մասնագիտությամբ իրավաբան է և պարբերաբար դիմում է եվրոպական դատարաններ ու պարբերաբար հաղթում: Բացի այդ, նա իրավաբանների մի խումբ է ստեղծել, որոնք օգնում են ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստներին, բողոքի տարբեր միջոցառումների մասնակցող երիտասարդներին՝ բերման ենթարկվելու դեպքում պայքարել իրենց իրավունքների համար:

Նավալնին բողոքի ցանկացած ակցիայի կա՛մ նախօրեին, կա՛մ մեկնարկին բերման է ենթարկվում և սովորաբար դատապարտվում 15 կամ 20 օր ազատազրկման: Նրա կողմնակիցները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են նոր քրեական գործ հարուցել ընդդիմադիր գործչի դեմ, քանի որ նա այս տարի արդեն մի քանի անգամ ձերբակալվել էր, և հաջորդ անգամ նրա դեմ կարող են ոչ թե վարչական, այլ քրեական գործ հարուցել ու ձերբակալել երկար ժամանակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG