Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ն «ոչ կոռեկտ» է որակում Լուկաշենկոյի քննարկումը Ադրբեջանի դեսպանի հետ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը «ոչ կոռեկտ» է բնութագրում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը Հայաստանի հասցեին և այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրի ղեկավարը դաշինքի գագաթնաժողովի փակ քննարկումը ներկայացրել է ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության՝ Ադրբեջանի դեսպանին:

Երեկ ընդունելով Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևին՝ Լուկաշենկոն տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Մինսկն ունի երեք թեկնածու, շարունակելով․ - «Նիկոլ Փաշինյանը պետք է սեփական կառավարությունում պարզի հարցը, քանի որ այժմ Հայաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Սա շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է այսպիսի անցումային փուլում: Արդյո՞ք Հայաստանը կդիմանա այդ ծանրությանը»:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր արձագանքեց Հայաստանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանի դեսպանի ու Լուկաշենկոյի քննարկմանը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակի, որը վերաբերում է վեց պետությունների։ Բնականաբար, այս զարգացումը ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակերում դեռևս նման զարգացումների վերաբերյալ բավական քննարկումների անհրաժեշտություն կա։ Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ը իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Եվ ինչ վերաբերում է այս իրադրությանը՝ պետք է նշեմ, որ դա ի վերջո կոռեկտ չէ, այս իրադրությունը», - հայտարարեց Աննա Նաղդալյանը՝ շարունակելով. - «Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-16 թվականներին և դա համարվում է Հայաստանի ամենահաջող նախագահություններից մեկը։ Սա կարող եմ համարել լավագույն պատասխանը։ Մեր նախկին նախագահության գնահատականը լավագույն պատասխանն է ցանկացած նախագահության հետ կապված քննարկումներին»։

Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում գտնվող Բելառուսը այս տարի Ադրբեջանին վաճառեց «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնց հեռահարությունը կազմում է 300 կիլոմետր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG