Մատչելիության հղումներ

Նավալնիին արգելել են երկրից դուրս մեկնել


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանի իշխանություններն արգելել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հեռանալ երկրից և Ստրասբուրգում մասնակցել իր հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գումարելիք նիստին: Նավալնին այդ մասին հաղորդել է Թվիթերի էջում տեղադրած գրառմամբ:

Նրան արգելել են դուրս մեկնել օդանավակայանի անձնագրային ստուգման բաժնի պաշտոնյաները՝ անմիջապես թռիչքից առաջ:

«Օդանավակայանի անձնագրային ստուգման ծառայությունը հայտնել է, թե կա ինչ-որ փաստաթուղթ, որի համաձայն ես զրկված եմ երկրից դուրս գալու իրավունքից»,- Թվիթերում գրել է Կրեմլի խիստ քննադատ և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Նավալնին:

Նա պետք է մեկներ Ֆրանկֆուրտ, ապա՝ Ստրասբուրգ, որտեղ Եվրադատարանը վճիռ է կայացնելու իր կալանքների վերաբերյալ:

Ենթադրվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհայտարարի, որ Նավալնիի բազմաթիվ ձերբակալությունների և վարչական կալանքների որոշումները կայացնելիս իշխանությունը քաղաքական նպատակներ է հետապնդել և խախտել է մարդու իրավունքները:

«Ինձ հասցեագրված ուղերձը հասկանալի է՝ մի՛ վազիր եվրոպական դատարաններ, քոնը Լյուբլինոյի շրջանային դատարանն է, հարցեր ունես՝ դիմիր Լյուբլինո»,- Թվիթերում գրել է Նավալնին:

Հոկտեմբերին նա ազատ է արձակվել 50 օր բանտում անցկացնելուց հետո: Այդ պատիժը սահմանվել է հակակառավարական ցույցեր կազմակերպելու համար:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG