Մատչելիության հղումներ

Օդանավակայանում դիմավորեցին հաղթանակած ծանրամարտիկներին


Աշխաբադում կայացած Ծանրամարտի աշխարհի առաջնությունից այսօր Հայաստան վերադարձավ ազգային հավաքականը, այդ թվում նաև ռեկորդային ցուցանիշներով աշխարհի չեմպիոն դարձած Սիմոն Մարտիրոսյանը, ինչպես նաև փոխչեմպիոն Գոռ Մինասյանը։

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` դառնալով աշխարհի ռեկորդակիր, իսկ երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով:

Հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 195 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ 21-ամյա ծանրորդը բարձրացրել էր 197 կգ ծանրաձող, սակայն մրցավարները չէին հաշվել նրա այդ մոտեցումն ու չէին գրանցել աշխարհի նոր ռեկորդը:

«Ինչի համար գնացել էի, դրանով էլ վերադարձել եմ», - լրագրողների հետ զրույցում ասաց 21-ամյա ծանրորդ, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: - «Դա միմիայն քրտնաջան աշխատանքի և մարզիչների խորհուրդների շնորհիվ էր։ Ինչի համար ես պատրաստվել էի, գնացի և արեցի դա»։

Մարզիկն ասաց՝ հաղթանակը Հայաստանին է նվիրում։

Սիմոն Մարտիրոսյանի նվաճումն էր, որ ոգևորեց Գոռ Մինասյանին՝ դառնալու փոխչեմպիոն։

«Երբ թիմակիցդ՝ քո ընկերը, աշխարհի չեմպիոն է դառնում, ամեն օր չէ, որ աշխարհի չեմպիոն են դառնում՝ և երեք֊չորս աշխարհի ռեկորդով: Դա ոգևորում է՝ միանշանակ», - նշեց Մինասյանը:

Հաղթանակը միանշանակ սպասելի էր։ Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Ամենավատն էն էր, որ չորսն էլ չկարողացան մեդալ բերեն։ Թե չէ կարող էին չորս էլ բերել: Դուք ինքներդ տեսաք», - նշեց մարզիչը:

«Զվարթնոց» օդանավակայանում այսօր ծանրորդներին դիմավորում էին երկրպագուներ, բարեկամներ։

Հաղթանակը սպասելի էր նաև Սիմոն Մարտիրոսյանի ընտանիքի համար։

«Անսահման ուրախություն, բերկրանք է մայրն ապրում, աննկարագրելի է», - պատմեց Սիմոն Մարտիրոսյանի մայրը: - «Սիմոնիս մարզիչն անպայման մեր տանն ա լինում, մեր հարևաններով, հարազատներով դիտում ենք իրար հետ, ես չեմ նայում, էն պահը, երբ բարձրացնում ա, նոր նայում եմ։ Անբացատրելի զգացողություն է, չեմ կարողանում նայել, երբ արդեն հանում է»:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի առաջնության չեմպիոն, ինչպես նաև Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG