Մատչելիության հղումներ

Միքայել Մելքումյան․ «Սպասենք, որ անպայման լինի ծրագրերի և գաղափարների պայքար»


Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կձևավորեն ապագա ձևաչափը՝ և՛ համագործակցության, և՛ ընդդիմություն լինել-չլինելու: Այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ Միքայել Մելքումյանը, «Ազատությանը» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ապագա խորհրդարանում ինչպիսի ընդդիմություն են լինելու:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հարցին՝ «Լինելու եք ընդդիմություն արմատակա՞ն, թե՞ կառուցողական: Եթե դուք աջակցել եք Փաշինյանին և հեղափոխությանը, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք լինելու ընդդիմություն, կարո՞ղ եք դա բացատրել», Մելքումյանը արձագանքեց․ - «Ես պատահական չասեցի, որ սպասենք, որ անպայման լինի ծրագրերի և գաղափարների պայքար: Այո, մենք պաշտպանել ենք հեղափոխությունը, ժողովրդական շարժումն ենք մենք պաշտպանել, և դա իրավացի է, դա այդպես էլ պետք է լիներ: Էստեղ հետևյալն է՝ թողեք ընտրությունների արդյունքները ձևավորեն ապագա ձևաչափը՝ և՛ համագործակցության, և՛ ընդդիմություն լինել-չլինելու»:

«Հիմա մինչև ընտրությունները դրա մասին խոսելով մենք ոնց որ թե ցանկություն ունենանք կանխորոշել ապագա գործընթացները, որը որևէ մեկը չի կարող կանխորոշել՝ որևէ մեկը հիմա չի կարող կանխորոշել ապագա գործընթացների առանձնահատկությունը և բովանդակությունը», - ընդգծեց ԲՀԿ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգին՝ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ եթե այն պահպանվել է, կցանկանար, որ «ոչ թե լիներ 13, այլ լիներ գոնե 6-7 մեծ օկրուգ»: «Որովհետև քաղաքական կշռի տեր գործիչների համար ավելի հեշտ կլինի, ճանաչելիությունը ավելի բարձր է, որպեսզի ավելի մեծ օկրուգներում իրենք քվեարկվեն», - պարզաբանեց նա:

«Ազատության» հարցին էլ՝ ո՞վ է երկրորդ համարը առաջիկա ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակում, Մելքումյանը հակադարձեց․ - «Նախ, մենք պետք է, դեռևս էդ որոշումը չկա՝ ցուցակի հետ կապված, ես կհորդորեմ ձեզ, որպեսզի մի փոքր համբերենք, շատ կարճ ժամանակ հետո, չորեքշաբթի օրը երբ որ ցուցակները կկազմվեն․․․»:

«Կամ առաջին հինգը ովքե՞ր են, Դուք կա՞ք առաջին հինգում», - այս հարցին էլ ԲՀԿ-ական գործիչը արձագանքեց․ - «Ուրեմն, ես որևէ բան չեմ ասում, ցուցակները կկազմվեն, ես պետք է կոռեկտությունը պահպանեմ կուսակցական, և ինձ որպես շարքային կուսակցականի հարիր պահելակերպ․․․ Կլինեն ցուցակները, քաղաքական խորհուրդը կհաստատի՝ նոր մենք կշարժվենք առաջ»:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG