Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և տիկին Բրիժիտ Մակրոնը:

Այնուհետև ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին ուղևորվել է Փարիզի Շառլ դը Գոլի հրապարակ, որտեղ և տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը:

Էմանյուել Մակրոնը զորահանդեսի ստուգայց է անցկացրել, Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրքից և «Լռության րոպեից» հետո հնչել է Ֆրանսիայի օրհներգը, որին հաջորդել է մշակութային ծրագիրը: Ուսանողներն ընթերցել են 1918 թ. նոյեմբերի 1-ին գրված տեքստը` զուգակցված երաժշտական կատարումներով:

Ֆրանսիայի նախագահի ելույթից հետո Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել է ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործությունը: Միջոցառումը եզրափակվել է անմար կրակի մոտ խորհրդանշական արարողությամբ. ուսանողները շրջապատել են Ֆրանսիայի նախագահին և, շղթա կազմելով, ձեռքը դրել կողքինի ուսին` որպես հավաքական վերածննդի նշան:

Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հաջորդիվ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG