Մատչելիության հղումներ

«Ընտրություններում պատգամավորության թեկնածու կառաջադրվեմ Սյունիքն ու Վայոց Ձորն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից»․ Նաիրա Զոհրաբյան


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից։ Այդ մասին Զոհրաբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այս օրերին ինձ մշտապես հարցնում են՝ ինչո՞ւ հատկապես այդ ընտրական տարածքից։ Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական գործիչը, իմ վստահ համոզմամբ, վստահություն պիտի ունենա մեր հանրապետության ցանկացած հատվածում, յուրաքանչյուր մարզում, քաղաքում և գյուղում և ոչ թե միայն այն փողոցներում, որտեղ ինքը տվյալ պահին ապրում է։ Ես կարծում եմ, որպես քաղաքական գործիչ, ով այս տարիների ընթացքում փորձել է թե՛ Հայաստանի խորհրդարանում և թե՛ միջազգային կառույցներում անել առավելագույնը՝ Հայաստանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը պաշտպանելու համար, ես վաստակել եմ այդ իրավունքը վստահ լինելու, որ կարող եմ ակնկալել և խնդրել իմ հայրենակիցների վստահությունը հանրապետության ցանկացած բնակավայրում», - գրել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ հայրենիքն իր համար ամբողջ Հայաստանն է և յուրաքանչյուր հայրենակցի խնդիր իր խնդիրն է։

«Իմ ծնողները Սյունիքից են, և իմ արմատները ինձ համար անչափ կարևոր ու սիրելի են։ Սիրելի հայրենակիցներ, որպես լրագրող և քաղաքական գործիչ, ես տեսել եմ թե ինչպես է տարիներ շարունակ կեղծվել ձեր քվեն, թե ինչպես են խորհրդարանում հայտնվել մարդիկ, ում դուք չեք ընտրել և ովքեր լինելով ներկայացված ձեր մարզերից, ոչ միայն ձեր որևէ խնդրով և հոգսով չեն զբաղվել, այլ տարիներ շարունակ հարստահարել են ձեզ՝ կառուցելով բացառապես իրենց ու իրենց ընտանիքի բարեկեցությունը։ Հիմա նոր Հայաստան է, որտեղ ձեր քվեով ձևավորվելու է օրինական իշխանություն, որի տերը լինելու եք դուք։ Չի՛ լինելու վարչական ռեսուրսի կիրառում և չի՛ լինելու ընտրակաշառք։ Լինելու է մեկ բան՝ ձեր ազնիվ ընտրությունը», - գրել է Զոհրաբյանը՝ նաև տեղեկացնելով, որ առաջիկա օրերին տեղափոխվում է Սյունիք։

Խորհրդարանական ընտրությունները քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցությունների և դաշինքների առաջադրումն արդեն մեկնարկել է, վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։ Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG