Մատչելիության հղումներ

Վանաձորում բացվեց նորակառույց բժշկական կենտրոնը


Այսօր Վանաձորում բացվեց 190 տեղանոց, Լոռու մարզի համար բացառիկ հնարավորություններով բժշկական կենտրոն, որի կառուցման և կահավորման համար ծախսվել է ավելի քան 6,5 միլիարդ դրամ` պետության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներից։

Հիվանդանոցի պատասխանատուներն այսօրվա հյուրերին ցույց էին տալիս շտապօգնության նոր մեքենաները, ախտորոշման, վիրաբուժական և ստացիոնար բուժման նորագույն հնարավորություններն ու ասում, թե սա երազանք է մարզի բժիշկների համար։

«Մենք հնարավորություն ունենք արագ, ճշտգրիտ ախտորոշել սկսած այն շտապ, հրատապ դեպքերից մինչև բարդ հիվանդությունները։ Նախկինում չունենալով այսպիսի հնարավորություններ` մենք ծանր, շտապ դեպքերը ուղարկում էինք Երևան», - ասում էին բուժաշխատողները։

​Հիվանդանոցի պատասխանատուները մտահոգություն ունեն. ահռելի տարածք ընդգրկող հիվանդանոցի պահպանման ծախսերը զգալիորեն կավելանան։ Ձմռան սեզոնին 30 միլիոն դրամ հարկավոր կլինի միայն շենքի ջեռուցման համար։ Հիվանդանոցի նախկին շենքը տաքացնելու համար 5 անգամ քիչ են ծախսել։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ ծախսերը կփորձեն փակել վճարովի ծառայությունների ավելացման հաշվին, բայց շեշտեց, ամեն ինչ անելու են բժշկական կենտրոնում ծառայությունների գները մայրաքաղաքի համեմատ ցածր պահելու համար։

«Մարզային գնային քաղաքականությունը, կարծում եմ, պետք է լինի այնպես, որ տարբերություն լինի այստեղի գների և Երևանի գների։ Մենք մարզպետի հետ քիչ առաջ խոսեցինք և հենց այդպես էլ նրանք պատրաստվում են անել, որ այստեղ նույն հետազոտություն անցնելը լինի ավելի մատչելի, քան Երևանում։ Գլոբալ առումով՝ առողջապահության մեջ այս տարի լինելու է բյուջետային աճ, որը նաև հատկացվելու է այս հիմնարկին, այսնիքն հիմնարկը պետական ավելի շատ ֆինանսավորում է ունենալու, քան անցյալ տարի», - նշեց Արսեն Թորոսյանը։

Առողջապահության ոլորտի պատասխանատուներն ասացին, որ ձգտում են նվազագույնի հասցնել հիվանդների մեծ հոսքը դեպի Երևան։ Նոր շենքում արդեն երկու շաբաթվա գործունեության տվյալներով տարբերություն արձանագրել են։

«Մենք արդեն ունեքն վերջին շաբաթների տվյալները, որոնք կարելի է ասել՝ թեթև ապշեցուցիչ են, որովհետև արդեն մեծ հոսք կա այստեղ», - ընդգծեց պատասխանատուներից մեկը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վստահեցնում է, թե հիվանդանոցը կդառնա տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոն, անգամ Վրաստանից բուժվողներ կլինեն: - «Մոտ ապագայում դուք կտեսնեք դրական փոփոխություններ ծառայությունների ավելացման առումով, մասնագետների ներգրավման առումով», - խոստացավ մարզպետը:

Կառավարությունը նախատեսում է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս տեղափոխել բժշկական կենտրոնի նորակառույց շենք։ Այս նախագծից դժգոհ են հիվանդանոցի 33 աշխատակիցները, ովքեր մտավախություն ունեն, որ անգործ կմնան, իսկ նոր կենտրոնում ապահովված չեն լինի ինֆեկցիոն ծառայությունների համար պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանները։ Նախարարը վստահեցրեց, որ առանց բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու, վերջնական որոշում չեն ընդունի։

«Որոշում չկա կայացած ու ես ասեցի՝ որոշումը կայացվելու է պացիենտների ու անձնակազմի շահերը հաշվի առնելով։ Ընդհանրապես առողջապահությունը գործուն մեխանիզմ է, շարժվող։ Եթե վաղը մեզ պետք լինի մեկ այլ հիվանդանոց այստեղ բացել, մենք բացելու ենք և եթե պետք լինի մեկ ուրիշ բնակավայրում մի ուրիշ ծառայություն փոխել, մենք դա էլի փոխելու ենք ու դա ժամանակի պահանջներին պետք է ընդամենը համապատասխանի և վերջ», - ասաց Թորոսյանը։

Նախարարի տեսակետի մասին տեղեկանալուց հետո ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները հեռացան։

Այսօր բժշկական կենտրոնի բացմանը ներկա էր նաև Վանաձորի ծննդատան շինարարության համար մոտ մեկ միլիարդ դրամ հատկացրած «Տաշիր» հիմնադրամի նախագահ, մոսկվաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը։ Նա «Ազատությանն» ասաց, որ առաջիկայում ևս նախատեսում են լուրջ ներդրումներ անել Լոռու մարզում, անկախ նրանից իր մյուս որդին՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG