«Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ցուցակները հստակեցված են, այդուհանդերձ մշակույթի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներ Լիլիթ Մակունցն ու Մանե Թանդիլյանը դեռ չեն շտապում բարձրաձայնել՝ որ համարների ներքո են իրենք, արդյոք ընտրվելու դեպքում կմնան գործադիրում, թե կնախընտրեն օրենսդիր մարմինը:
«Թիմը որոշում կկայացնի ընտրություններից հետո և պարզ կլինի, այս պահին որևէ որոշում չկա», - հայտարարեց Լիլիթ Մակունցը։
Մանե Թանդիլյանն էլ նշեց․ - «Ես մաս եմ կազմում անցումային կառավարության և իմ ամբողջ պոտենցիալը ներդրել եմ, որպեսզի կառավարությունը հաջողի, որովհետև ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք պարտավոր էր այս ժամանակահատվածում սատար կանգնել հեղափոխական արժեքներին և այդ արժեքները վերածել հանրային բարիքի և մեր քաղաքացիների բարեկեցության։ Հուսով եմ, որ տեսանելի է եղել իմ ձգտումը և ես փորձել եմ անել ամեն բան, որպեսզի իմ այս ասած խոսքերը կյանքի կոչվեն։ Մնացածը արդեն քաղաքական որոշում է, կուսակցության որոշումն է, որի մասին շատ շուտով կտեղեկացնեմ»։
Քաղաքական հարցերի շուրջ երկու նախարարներն էլ այսօր խուսափեցին խոսել, փոխարենը համատեղ ծրագիր ներկայացրեցին կենսաթոշակառուների համար: Այսուհետև պետական յուրաքանչյուր մշակութային միջոցառման տոմսերի որոշ հատված կտրամադրվի թոշակառուներին: Նախարարների խոսքով՝ խոցելի այս խումբը սոցիալական խնդիրների պատճառով զրկված է մշակութային կենտրոններ այցելելու հնարավորությունից: Նոր համագործակցության շնորհիվ ամեն ամիս առնվազն 2000 թոշակառու կկարողանա այցելել թատրոն կամ համերգասրահ:
Այսօր սպառողական զամբյուղը, որն իր մեջ ներառում է սննդամթերք, կոմունալ վճարումներ, տրանսպորտ, հագուստ, դեղորայք ու նոր միայն մշակութային միջոցառումներ, անհասանելի է թոշակառուին: «Ազատության» դիտարկմանը, որ թոշակառուն նախքան համերգ գնալը կցանկանար դեղ գնել, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն արձագանքեց՝ քննարկվում են նման ծրագրեր նաև այլ գերատեսչությունների հետ. - «Իմ պատկերացմամբ, այդ խնդիրը պետք է լուծվի թոշակառուների վերջնական բժշկական ապահովագրության միջոցով, որովհետև ինչքան էլ բարձրացնես թոշակը՝ այս պարագայում այդ հնարավորությունը կարող է չընձեռվել, իսկ այդ գումարով մենք կկարողանանք ապահովագրել թոշակառուներին»:
Մանե Թանդիլյանը հիշեցրեց նաև, որ 2018թ-ից նվազագույն կենսաթոշակը զամբյուղի ստորին շեմից բարձր է լինելու: Ըստ նախարարի՝ սա ենթադրում է, որ այսուհետև ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: