Մատչելիության հղումներ

Հայաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ արդյունավետ գործունեությամբ․ փոխարտգործնախարար


Հայաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ արդյունավետ գործունեությամբ՝ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներին, ուր երեկ որոշում կայացվեց կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը շարունակել քննարկել այս դեկտեմբերի 6-ին՝ դաշինքի սանկտ-պետերբուրգյան գագաթնաժողովի ընթացքում:

«Ես տեղյակ չեմ դեռ մանրամասներից, բայց իրավիճակը թելադրում է, որ դեռևս ընթանում են խորհրդակցություններ։ Ավելին չեմ կարող ասել այս պահին», - մանրամասնեց Նազարյանը։ - «Հայաստանը մեծապես հետաքրքրված է կազմակերպության արդյունավետ գործունեությամբ»։

Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար երեք հնարավոր տարբերակ կա՝ կա՛մ գլխավոր քարտուղարի պարտականությունները մինչև 2020 թվականի մայիս կկատարի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, կա՛մ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ Հայաստանից հետո հերթը Բելառուսինն է, և երրորդ տարբերակը, որը պնդում է հայկական կողմը, մինչև 2020 թվականի մայիս այդ պաշտոնում կրկին Հայաստանից ներկայացուցիչ ընտրելն է։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ի ցույց է դնում դաշինքում առկա ճգնաժամը:

«Հակասությունները այդ կազմակերպության ներսում լուրջ են, քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնը լուրջ պաշտոն է։ Օրինակ՝ այստեղ կա մի շատ կոնկրետ վտանգ մեզ համար՝ Բելառուսի ներկայացուցիչը ռազմական ակադեմիան ավարտել է Բաքվում։ Ինքը ունի կապեր Ադրբեջանի ռազմական էլիտայի հետ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գրիգորյանը, ով 1995-1998թթ․ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն էր: Մեր հարցին՝ եթե գլխավոր քարտուղարի ընտրության հարցում նման շահերի բախում կա, հետևաբար որքանո՞վ է ՀԱՊԿ-իը վստահելի կառույց Հայաստանի անվտանգության ապահովման համար, փորձագետը պատասխանեց․ - «Վստահելի չէ՝ միանշանակ։ Այո՛, մենք, կարծես թե, ՀԱՊԿ անդամ լինելով ավելի էժան առնում ենք զենքեր՝ և գլխավոր հիմնավորումը ՀԱՊԿ-ում լինելու հենց դա է բերվում, բայց կորուստները քաղաքական դաշտում շատ լուրջ են։ Ու վստահելի չեն, քանի որ նախկինում Բելառուսն ու Ղազախստանը այդքան ընդգծված պրո-ադրբեջանական չէին»։

Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:

Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով: Նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG