Մատչելիության հղումներ

«Ունենք բավարար կամք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու». Արայիկ Հարությունյան


Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով։ Հարությունյանը նախընտրական քարոզչությանը կմասնակցի և, ինչպես ինքն ասաց, որպես օրինապաշտ քաղաքացի այդ ընթացքում կլինի արձակուրդում։

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց՝ ունեն բավարար կամք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար։

«Ազատություն». - Դուք հայտարարել եք, որ առաջադրվելու եք ռեյտինգային ընտրակարգով՝ որտե՞ղ, և արդյո՞ք այդ շրջանում գնալու եք արձակուրդ։

Հարությունյան. - Այո, կապված է նրանից, թե ինչ մարտավարություն կընտրենք քարոզչության համար։ Հավանաբար այո, որովհետև պատրաստվում եմ քարոզչությանը մասնակցել, իսկ որպես օրինապաշտ քաղաքացի և պաշտոնյա պետք է գնամ արձակուրդ։ 12 օր է քարոզչությանը մասնակցելու տրված ժամկետը, իհարկե շատ կարճ է, բայց մյուս կողմից էլ լավ է, որովհետև Կրթության և գիտության նախարարությունում նոր սկսված ծրագրերը շատ են, և ամենօրյա աշխատանքի, յուրաքանչյուր ծրագիրն ամենօրյա խնամքի կարիք ունի։

«Ազատություն». - Հանրապետականի սահմանած կանոններով եք, առնվազն՝ Ընտրական օրենսգրքի մասով, գնում ընտրությունների։

Հարությունյան. - Մենք արել ենք առավելագույնը, որպեսզի հաջողություն լինի, բայց նաև զգուշացրել էինք, որ այս խորհրդարանը կարող է նաև խնդիրներ ստեղծել, և ըստ էության Ընտրական օրենսգրքի դեպքում այդ խնդիրը ստեղծեց, բայց մենք պատշաճ կերպով կազմակերպում ենք ընտրությունը և դրա մասին հայտարարել ենք, որ ունենք բավարար կամք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար։ Երևանի ընտրությունները և ՏԻՄ մյուս ընտրությունները ցույց տվեցին, որ ըստ էության կարելի է ասել, որ խախտումներ չեն արձանագրվում։

«Ազատություն». - Ազատը [ընտրություններ]՝ գուցե, պարոն Հարությունյան, բայց արդա՞ր է արդյոք, երբ, օրինակ, ասենք, Դուք կամ Լիլիթ Մակունցը, կամ Էդմոն Մարուքյանը ռեյտինգայինով մականունավորի հետ է մրցակցելու։ Դա արդա՞ր մրցակցություն է։

Հարությունյան. - Մենք հավասար պայմանները ստեղծել ենք, և կարծում եմ, որ ապրիլ-մայիս ամիսներին, և անցած ՏԻՄ ընտրություններին հասարակությունը շատ հստակ ընտրություններ ուներ և համապատասխան եզրակացությունն էլ արել է մականունավորների հետ կապված, այնպես որ մեծ մտահոգություններ էս առումով չունենք։

«Ազատություն». - Բայց դա միևնույն է ապաքաղաքական ընտրություն չէ՞, եթե քվեն չի տալիս Մակունցին, այլ տալիս է նրան, ով իր թաղում հարցեր է լուծում։

Հարությունյան. - Ես չեմ կարծում, որ այդպիսի ընտրություն է լինելու, կամ էլ տոկոսը փոքր է լինելու։

Խորհրդարանական ընտրությունները քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցությունների և դաշինքների առաջադրումն արդեն մեկնարկել է, վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։ Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG