Մատչելիության հղումներ

Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել կազմակերպության նոր քարտուղարի թեկնածուի շուրջ։

Թե ով է լինելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովից հետ, ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները կորոշեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր կայացել է այս կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ 3 թեկնածու է քննարկվում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վալերի Սիմերիկովը, Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը և Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Հայկական կողմը պնդում է, որ կազմակերպությունը մինչև 2020 թվականը ղեկավարի Հայաստանի ներկայացուցիչը, երեկ հայտարարել էր Պուտինի օգնականը։

Ռուսական «Կոմերսանտն» այսօր գրել է, որ ամեն ինչ կախված է լինելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից։ Երկուշաբթի օրը Փաշինյանը անզիջում էր։ Հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, այսօր գրել էր ռուսական պարբերականը։

«Կոմերսանտը» այսօր մեկ այլ հոդված է հրապարակել ՀԱՊԿ-ի մասին, որում հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում էր այսօր մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։

Այսօր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին հայտարարել էր, որ դե յուրե ամրագրվել են կազմակերպության դիտորդի կարգավիճակի հարցը. - «ՀԱՊԿ-ը բաց կազմակերպություն է, և բաց ենք թե՛ տարբեր միջազգային կազմակերպությունների, թե՛ առանձին երկրների հետ համագործակցության համար»։

Այսօր կազմակերպության գագաթնաժողովին 20-ից ավելի հարց է քննարկվել։ Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ բոլոր հարցերի շուրջ անդամ երկրները եկել են համաձայնության, բացառությամբ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման աշխատանքի պլանի։ Հարցը կքննարկվի ավելի ուշ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աստանայում հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները դեմ են, որպեսզի չեղարկվի փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը։

Ավելի վաղ նման մտադրության մասին հայտարարել էր պաշտոնական Վաշինգտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG