Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ արդեն որոշել են՝ առաջադրվելու են


Մինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում քննարկվում է տարածքային թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ արդեն որոշել են՝ առաջադրվելու են:

«Տեսնենք՝ բանա փոխվել, ժողովրդի մեջ էլա բան փոխվել, տեսնենք՝ ոնց կստացվի։ Դժվարա, բայց թե կփորձենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը։

Ստեփանյանը ԲՀԿ-ի Մասիսի տարածքային կառույցի ղեկավարն է: Անցած խորհրդարանական ընտրություններում, առաջադրվելով Արարատի մարզի ընտրատարածքում, ստացել էր 4700 քվե: «Ծառուկյան» խմբակցությունից այս ընտրատարածքում առաջատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին էր՝ Արգամ Աբրահամյանը, որը ստացել էր մոտ 35 հազար քվե: Տիգրան Ստեփանյանը 2007 թվականից պատգամավոր է, բայց երբևէ Ազգային ժողովում ելույթ չի ունեցել և որևէ հարցի մասին չի բարձրաձայնել:

«Էդ գործերը մենք ինքներս ենք անում, դրա համար չենք բարձրաձայնում», - պարզաբանեց պատգամավորը։

Նույն խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը առաջադրվելու է Արմավիրի մարզի ընտրատարածքում: 2017-ին էլ այստեղից էր առաջադրվել և ստացել 9535 քվե:

«Դե՝ առաջադրվողները բոլորն էլ ակնկալիքով են առաջադրվում», - մեզ հետ զրույցում հայտարարեց Աղաբաբյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, որը նախորդ անգամ, Երևանի Նորք-Մարաշ, Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքից առաջադրվելով, ստացել էր 1870 քվե, սպասում է ԲՀԿ-ի որոշմանը: - «Ես կարծում եմ, որ խաղի կանոնը արդեն իսկ փոխված է։ Ցանկացած պարագայում վերադարձը հնին այլևս հնարավոր չէ և այս տրամաբանությամբ էլ համոզված եմ, որ մասնակիցները կլինեն բավականաչափ տարբերվող նախկինի համեմատ։ Եվ ես կարծում եմ, որ շատերը ստիպված կլինեն քաղաքական պրոդուկտ տալու և դա այսօրվա անհրաժեշտությունը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Զուրաբյանը։

Այս նույն ընտրատարածքից նախորդ անգամ ամենաշատ ձայները ստացել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը: 72-ամյա Ազիզյանը դեմ չէ այս անգամ էլ պատգամավոր դառնալուն, բայց իր անելիքը կախված է կուսակցության որոշումից։ - «Չեմ կարծում, որ իմ տարիքը չի բռնում, որ ես պատգամավոր լինեմ։ Թրամփը եթե կարա լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ես մի հատ փոքր շրջանում երևի կարամ դեպուտատ լինեմ», - կարծիք հայտնեց Ազիզյանը։

Այս ընտրատարածքում առաջադրվողներից առայժմ հաստատվել է ԲՀԿ փոխնախագահ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, որը 2012-ից պատգամավոր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով, պատրաստ է Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել: Ձայների ավելի մեծ ակնկալիքներ կունենար, եթե ընտրատարածքներն ավելի շատ համայնքներ ընդգրկեին, քանի որ իր կարծիքով ինքն ավելի մեծ ճանաչում ունի:

«Եթե ես առաջադրվեմ, ես ավելի կողմնակից եմ, որ էդ օկրուգները շատ ավելի մեծ լինեին, որովհետև ես համարում եմ, որ իմ ճանաչելիությունը ավելի մեծ է», - նշեց Մելքումյանը։ - «Եթե համադրենք՝ ընդհանուր ճանաչելիություն և թաղային, թաղերը էդքան մեծ օկրուգում․․․ այսինքն էդ առումով քաղաքական դեմքը ունի հարաբերական առավելություն»։

Եթե Գագիկ Ծառուկյանը որոշի Արարատի ընտրատարածքում կառաջադրվի նույն խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը: Վերջինս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է: 2012-ին պատգամավոր դարձավ Հանրապետականի, 2017֊ին՝ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով:

«Այո՛, մենք միշտ ենք պատրաստ ցանկացած պրոցեսների», - մեզ հետ զրույցում նշեց Պողոսյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական և տարածքային թեկնածուների ցուցակը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Կուսակցությունների, թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: Ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Նա ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG