Ռուսական «Կոմերսանտը» այսօր մեկ այլ հոդված է հրապարակել ՀԱՊԿ-ի մասին, որում հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում էր այսօր մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։
Ալիևի մասնակցության նախաձեռնությունը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևինն էր:
«Կոմերսանտի» աղբյուրների համաձայն, Նազարբաևին այս հարցում աջակցել են անդամ երկրների մյուս ղեկավարները, մասնավորապես՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Կոմերսանտը» տեղեկությունը հաստատելու համար դիմել էր Հայաստանի արտգործնախարարությանը, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է, որ այդ մասին տեղեկություն չունի։
Վերջին շրջանում մամուլում քննարկվում էր ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ գոնե դիտորդի կարգավիճակում մասնակցության թեման։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բոլոր որոշումները ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, այսինքն պետք է համաձայն լինի նաև Հայաստանը։