Քննչական կոմիտեն այսօր հաղորդում է, որ մեղադրանք է առաջադրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ևս երկու նախկին աշխատակցի:
Հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել արձանագրված չարաշահումներին բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարի և մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալի առնչության վերաբերյալ։ Ապացույցների համակցությամբ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` հանցակցություն առանձնապես խոշոր չափերով խարդախությանը, և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ փաստաթղթեր կեղծելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Այսպիսով, նոյեմբերի 7-ի դրությամբ սույն քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել երեք անձ, որոնցից մեկի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:
Քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, կատարված առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու մեղադրանք է առաջադրվել անցած շաբաթ: Ըստ նախաքննության՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է շուրջ 426 միլիոն դրամ։