Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան


«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ին վերադարձել է Հայաստան։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ամսի 4-ից է վերադարձել, այսինքն՝ երբ պաշտոնապես որոշումը հրապարակվել է ազատման վերաբերյալ, ձեռնամուխ է եղել գործերի գործավարության հանձնման-ընդունմանը, ինչից հետո այցելել է մոր շիրմաքարին` Վրաստանի Հանրապետությունում, ամսի 4-ից գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ 2-ի երեկոյան հրապարակվել է, որ ազատվել է, ամսի 4-ին եղել է Հայաստանում», - ասաց Պողոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ վերադառնալուց հետո Խաչատուրովի հետ քննչական գործողություններ չեն իրականացվել։

«Չիրականացնելու պատճառն այն չէր, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում չէր գտնվում։ Նախորդող ժամանակահատվածում էլ, երբ որ հուլիսին՝ մինչև մեղադրանք առաջադրելը, ծանուցագիր էին ուղարկել հարցաքննության հրավիրելու մասին, ինքը Ռուսաստանի Դաշնությունից էր ներկայացել վարույթ իրականացնող մարմին։ Այս պարագայում այս ընթացքում չէին ուղարկել, այսինքն՝ չէին գտել, որ անհրաժեշտություն կա, չէր ներկայացել։ Հայաստան վերադառնալուց հետո` դա անմիջապես չի ենթադրում, որ ինչ-որ խոչընդոտ է վերացել և ըստ դրա պետք է գործողություն իրականացնել», - ասաց փաստաբանը։

«Ազատության» հարցին, թե մտավախություններ կա՞ն, որ հիմա Խաչատուրովի խափանման միջոց գրավը կփոխարինվի կալանքով, Միհրան Պողոսյանը պատասխանեց. - «Քրեական դատավարությունում գրավը հենց հանդիսանում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այսինքն՝ կալանք արդեն իսկ առկա է Յուրի Խաչատուրովի հանդեպ, որը որ փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով։ Օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի մի հատ էլ գրավի հանդեպ այլընտրանքային կալանք կիրառվի։ Խափանման միջոցի փոփոխություն հնարավոր է միայն, եթե մեղադրյալը խախտի արդեն իսկ ընտրված խափանման միջոցի՝ գրավի պայմանները»։

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ից՝ երեք տարի ժամկետով։

2008 թվականին Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Սակայն Հայաստանը հետ կանչեց Խաչատուրովին, և նա նոյեմբերի 2-ին ազատվեց այդ պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG