Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Ես օպտիմիստ եմ, դրա համար էլ շարունակում եմ լինել նախագահ


Armenia -- President Armen Sarkissian in Gyumri. 08Nov., 2018
Armenia -- President Armen Sarkissian in Gyumri. 08Nov., 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնավոր այցով Գյումրիում էր:

Քաղաքական հարցերի սկզբում հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե ընդամենը երկու ժամով է Գյումրիում և ուզում է քաղաքականությունից կտրվել:

Այդուհանդերձ, միտքը փոխեց և երկու հարցի անդրադարձավ:

Նախ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: «Սահմանադրության փոփոխությունը մտնում է Ազգային ժողով - Կառավարություն հարաբերությունների մեջ: Երբ որ Ազգային ժողովը և Կառավարությունը կհարցնեն իմ կարծիքը, կպատասխանեմ: Կարևոր չէ, թե Սահմանադրության այս կամ այն կետը ինչպես է․ կարող ես լավ ծառայել քո երկրին և՛ այս Սահմանադրությամբ, և՛ այն: Հարց կա՝ ո՞րն է ավելի լավ՝ նախագահակա՞ն համակարգը, թե՞ պառլամենտական համակարգը: Լավ նախագահական համակարգը լավ է, լավ խորհրդարանական համակարգը նույնպես լավ է: Դրանցից որն էլ վերցնեն, եթե վատ է՝ չի աշխատի»:

Ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը այն պարագայում, երբ արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս քաղաքական օրենսդիր մարմին ձևավորվել ու ձերբազատվել բիզնեսի ներկայացուցիչներից և այսպես թաղային հեղինակություններից:

Նախագահ Սարգսյանի արձագանքը․ - «Ես օպտիմիստ եմ, դրա համար էլ շարունակում եմ լինել նախագահ: Եթե ես տեսնեմ մենք ուրիշ տեղ ենք գնում, բնական է, ի՞նչ իմաստ ունի ես մասնակցեմ: Իմ մեջ կան ավելի դրական զգացումներ, ազատության զգացում: Այս բոլոր փոփոխությունները դրական են: Խնդիրը հետևյալն է, որ այդ դրական էմոցիան, որը զգացում է, վերածենք իրական արդյունքի: Բոլորս միասին, նախագահը մենակ չի կարող անել, ձեր հետ միասին»:

Արմեն Սարգսյանը ասաց, որ եկել է Գյումրի՝ տեսնելու Շիրակի երկարագիտական թանգարանին հատկացված շենքը, նաև՝ թե ինչով կարող է օգնել ոչ որպես նախագահ, այլ որպես Արմեն Սարգսյան: Տեղյակ է, որ դրամահավաք է սկսվել թանգարանի շենքի վերանորոգման համար, սակայն բավարար միջոցներ չենք հավաքվել, որպեսզի մեկնարկեն նախագծային աշխատանքները:

Արմեն Սարգսյանը գործանական առաջին քայլն արեց․ - «Եվ որպես առաջին քայլ, ոչ թե որպես նախագահ, այլ որպես «Երևան, իմ սեր» ծրագրի միջազգային խորհրդի նախագահ, ուզում եմ ասել, որ խորհուրդը հաստատել է, որպեսզի «Երևան, իմ սեր»-ը ամբողջ նախագծական աշխատանքների ծախսը կնվիրաբերի: Եվ կարծում եմ, կարիք կունենանք նոր բարեգործական կազմակերպություն գրանցել, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»:

Արմեն Սարգսյանը հիշեց 88-ի երկրաշարժին հաջորդած օրերը, երբ Սպիտակում ու Լենինականում մասնակցում էր փրկարարական աշխատանքներին: Տարիներ անց՝ 1996 թվականին որպես վարչապետ էր այցելել Գյումրի․ - «Տես գյումրեցիների զուսպ հպարտությունը: Մարդիկ, որոնք ութ տարի մոռացված էին եղել, չէին պահանջում, որովհետև գիտեին, որ Հայաստանը դժվար պայմաններում է, պատերազմ է, Արցախի խնդիրը կա: Ատամները սեղմած մարդիկ իրենց դժվար կյանքով ապրում էին դոմիկների մեջ: Ես կարծում եմ, որ Գյումրիի վերականգնումը միայն տուն տալով չի: Մարդուն ուղղակի բնակարաններ տաս, հարցը չես լուծի: Գյումրին պետք է վերականգնվի, Գյումրիում մարդիկ պետք է աշխատանք ունենան»:

Գյումրին հատկապես հին պատմական շենքերի առկայությամբ կարող է տուրիստական լուրջ կենտրոն դառնալ, վստահ է երկրի նախագահը: Ասաց, որ հաճախ կայցելի Գյումրի, քանի որ խոսք է տվել քաղաքի խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG