Մատչելիության հղումներ

«Բացթողումներ եղել են». Գաբրիել Բալայանը՝ երեկվա վթարի մասին


Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայան
Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայան

Ըստ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի, նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքով ծառայողական քննությանը զուգընթաց Քննչական կոմիտեում նաև քննություն է ընթանում, հետևաբար, Բալայանը որևիցե մեկնաբանություն այս փուլում անելը ճիշտ չի համարում։

Միևնույն ժամանակ փոխնախարարը նշում է՝ բացթողումներ եղել են։

«Իրոք եղել են բացթողումներ նրա կողմից, ով պատասխանատու էր, նաև զորամասում տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից են եղել բացթողումներ, հիմա հատուկ հանձնախումբն աշխատում է դրա ուղղությամբ, ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի այդպիսի աննախադեպ իրադարձություններ այլևս տեղի չունենան։ Եղել են որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է նաև որոշակի անսարքություններ ի հայտ գան», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարարը։

Լրագրողի հարցին, թե դա տեղի է ունեցել արգելակների անսարքությա՞ն պատճառով, Բալայանը պատասխանեց. - «Եթե հանձնաժողովը մինչև հիմա եզրակացություն չի արել, ես չեմ գտնում, որ դա օբյեկտիվ է, դա քննարկվող վարկածներից մեկն է»։

Երեկ տեղի ունեցած ավտովթարից 4 զինծառայող մահացել է, 17-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ևս հայտարարել է, որ վթարի դեպքով «ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ»։

Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն՝ օրենքի ողջ խստությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG