Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար դրամ, Արդարադատության նախարարությանը՝ 10 միլիոն դրամ, Ոստիկանությանը՝ 234 միլիոն 224 հազար դրամ:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ասաց, որ բացի նշված գումարից, ընտրությունների կազմակերպման և անցկացման համար Հայաստանին ֆինանսական աջակցության ծրագիր է իրականացնում նաև միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:
«Տարբեր դոնոր-պետություններ ևս մասնակցում են այս ծրագրին և հոգում են ծախսերի մի մասը, այդ թվում՝ տեսանկարահանող սարքերի տեղադրման, զանազան ուսուցողական նյութերի հետ կապված», - նշեց Միրզոյանը և շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին: