Մատչելիության հղումներ

Համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ. Փաշինյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. - «Կարևորագույն խնդիրը, որ մենք հենց ամենասկզբից առաջադրել ենք՝ ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունն է, և ոստիկանության վերաբերմունքի փոփոխությունը՝ հանրության նկատմամբ: Այս առումով, մենք ակնհայտորեն ունենք շատ լուրջ առաջընթաց, ինչը թող չմեկնաբանվի այնպես, թե ես նկատի ունեմ, որ մենք այստեղ հասել ենք կատարելության, բայց շատ կարևոր է, որ մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Համոզված եմ, որ առաջիկա մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես կունենանք ոստիկանություն-հանրություն, ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ: Սա շատ կարևոր խնդիր, նպատակ է, որին մենք պետք է հասնենք»:

Այնուհետև պատասխանատուները վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Փոփոխությունների նպատակն է երթևեկության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ բացառել քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը, երթևեկության անվտանգության ոլորտում վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության համար նախատեսված տուգանքի չափերի վերանայումը, դրանց հանրային վնասակարության վերարժևորումը:

Զեկուցվել է, որ վարորդական իրավունք ունեցող յուրաքանաչյուր անձ տարեկան ունենալու է 9 բալ, խախտումները գնահատվելու են 0.5, 1, 2, 3, 4 բալերով: Բալերը զրոյացնելու դեպքում քաղաքացու վարորդական իրավունքը կասեցվելու է 6 ամիս ժամկետով, սակայն այդ ժամկետի կեսը լրանալուց հետո նա իրավունք է ունենալու հանձնել տեսական քննություններ և ավտոմատ վերականգնել վարորդական իրավունքը: Եթե երկրորդ տարում ևս վարորդը զրոյացնի 9 բալը, ապա ավտոմատ նա մեկ տարով զրկվելու է վարորդական իրավունքից, և այն վերականգնելու համար հանձնելու է ոչ միայն տեսական, այլև գործնական քննություն:

Զեկուցվել է նաև, որ բարեփոխումների արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը վերակազմակերպվելու է պարեկային ծառայության, որը զբաղվելու է նաև պատահարների, հաղորդումների արագ արձագանքմամբ: Համակարգը գործելու է օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով, որը ստեղծվելու է Համաշխարհային բանկի օժանդակությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված բարեփոխումների իրականացումը և հանձնարարել վերը նշված օրինագծի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG