Մատչելիության հղումներ

Տիգրան Հեքեքյան․ Երբ բարբարոսաբար սկսեցին ջարդել, մենք էվակուացրեցինք երեխաներին


«Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող Արամ 23 հասցեում տեղակայված 19-րդ դարի հուշարձան շենքը, երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեյանի պնդմամբ, փլուզման եզրին է:

Եղանակային վատ պայմանները՝ անձրևը, իսկ շուտով էլ ձյունը նոր ճեղքեր, նոր վնասներ կհասցնեն հուշարձանին և մեծ է վտանգը, որ այն պարզապես կքանդվի:

Երեկ Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, թե քանի դեռ ինքը Երևանի գլխավոր ճարտարապետն է, ոչ մի հուշարձան չի քանդվելու՝ ընդգծելով, որ ասածը վերաբերում է նաև Արամի 23 հասցեում գտնվող շենք-հուշարձանին։

Տիգրան Հեքեքյանին, այդուհանդերձ, Մեսչյանի արձագանքը չի բավարարում․ պահանջում է հստակ ժամկետներ նշել՝ ի վերջո ե՞րբ կսկսվեն հուշարձանի ամրացման աշխատանքները․ - «Ուղիղ շենքի պատին ուղղահայաց փորել են 16 մետրի չափ, տուֆի ապարից հետո մտել են մի քիչ էլ տակը: Սա հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրվանից սկսել են փորել»:

Ավելին՝ Հեքեքյանի պնդում է, որ Մեսչյանի հայտարարությունից անմիջապես հետո՝ երեկ ցերեկը Արամի 23-ի անմիջական հարևանությամբ գտնվող շենքերում փորձել են պատեր քանդել: Շենքերը միմյանց կպած են, և այդ հարվածների հետևանքով վնասվում է հուշարձան շենքը:

Հեքեքյանից տեղեկացանք, որ այս ահազանգին շատ արագ արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանը, ով գիշերով ոստիականության ներկայացուցիչներ ու թաղապետի ուղեկցությամբ եկել է տարածք:

Հեքեքյանը կարծում է, որ Մեսչյանի երեկվա հայտարարությունը նաև քաղաքական ենթատեքստ ուներ: Պնդում է, թե կառավարության աշխատակազմում կան մարդիկ, որոնք «արջի ծառայություն» են մատուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շենքի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելով:

Օրեր առաջ Փաշինյանը, խոսելով «Հին Երևան» նախագծի մասին, ասել էր, թե նախագծի իրականացումը կանգնած է՝ «Փոքրիկ երգիչներին» պատկանող շենքի հետ կապված խնդրով պայմանավորված: Վարչապետը նաև ասել էր, թե հուշարձանը երկու մետր պետք է տեղաշարժվի:

«Շենքը մեքենա չէ, որ հրենք», - անհանգստացած է Հեքեքյանը:

Ի դեպ, երեկ Արթուր Մեսչյանն ակնարկեց, որ վարչապետին գուցե թյուր իմֆորմացիա են հասցրել և սպառիչ պատասխան տվեց մտահոգություններին․ - «Եթե ես վերցրել եմ Երևան քաղաքի ճարտարապետության պատասխանատվությունը, վերջնական պատասխանը տալիս եմ ես․ ո՛չ, չի՛ տեղափոխվելու, չի՛ քանդվելու, պետք է ռեստավրացվի: Եվ կառուցապատողը, որ էնտեղ շինարարություն ա անում, պետք է իր ֆինանսներով այդ կառույցը ենթարկի ռեստավրացիայի»:

Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն այսօր հայտարարեց, թե «Հին Երևանի» տարածքում բոլոր աշխատանքները կատարվում են ապօրինաբար: Անդրադառնալով խնդրո առարկա հուշարձանին՝ վերահաստատեց, որ ամրակայումը չպետք է լինի ժամանակավոր, միայն վերևի մասով, քանի որ հիմքերի թուլացման պատճառով է հուշարձանն այսօր վատ վիճակում։

Մինչ քննարկվում է հուշարձան-շենքի պահպանման հարցը, քանդման եզրին է մեկ այլ արժեք՝ «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Արդեն երեք ամիս պարապմունքները դադարեցված են, միջազգային համերգների հրավերները՝ մերժված, 15 երեխա դուրս է եկել խմբից:

Տիգրան Հեքեքյան․ - «Երբ որ բարբարոսաբար, հատուկ սկսեցին ջարդել, մենք ուղղակի էվակուացրեցինք, հանեցինք երեխաներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG