Մատչելիության հղումներ

Գորիսի մոտակայքում ռազմական բեռնատար է կողաշրջվել, կա 4 զոհ, վիրավորներ


Ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Չորս ժամկետային զինծառայող է մահացել այսօր Գորսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղ ունեցած ավտովթարի հետևանքով։ Եվս 17-ը վիրավորվել է։

Պաշտպանության նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ:

«Այսօր ցերեկը Գորիսի մոտակայքում ռազմական բեռնատար մեքենա է կողաշրջվել, որը տեղափոխում էր շարքային անձնակազմին, ցավոք, վթարի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ, վիրավորների վիճակն այս պահին ճշտվում է, նրանց տեղափոխել են հիվանդանոցներ, լրացուցիչ դրա մասին կհայտնենք», - ասաց Հովհաննիսյանը։

Վիրավորները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի բժշկական կենտրոն։ Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնում է, որ նախնական տեղեկություններով որևէ մեկը ծայրահեղ ծանր վիճակում չէ: Բոլոր 4 զոհերը 20 տարեկան էին։ Նա նաև հրապարակեց զոհերի անունները՝ Հայրապետ Վոլոդիայի Նաիրյան, Հրանտ Արայի Գասպարյան, Էդգար Արմենի Հունանյան, Դավիթ Բենյամինի Մելքոնյան։

Սիսանի հոսպիտալից «Ազատությանը» փոխանցեցին, որ վիրավորներից 14-ը այս պահին իրենց մոտ բուժզննում է անցնում։

Առավել ծանր վիրավորումներ ստացած 3 զինծառայողները Գորիսի բժշկական կենտրոն են տեղափոխվել: «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել այս բժշկական կենտրոնի հետ: Վթարի պատճառները դեռ պարզ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG