Մատչելիության հղումներ

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել շուրջ 400 դատապարտյալ


Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության փոխանցմամբ, այսօր ժամը 18-ի դրությամբ համաներման արդյունքում ազատ է արձակվել 391 դատապարտյալ։

Համաներումն ընդհանուր առմամբ տարածվում է 6500 անձանց վրա․ 835 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուրի պատժաչափը, մյուսները կազատվեն քրեական հետապնդումից կամ պայմանական ազատազրկումից:

Համաներման հատուկ հոդվածով քրեական հետապնդումից կազատվեն նաև 2016 թվականին ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր այն անդամները, որոնց գործողությունները անմիջականորեն չեն հանգեցրել մարդու մահվան։

Օգոստոսից ազատության մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը, սակայն, կարծում է, թե համաներման մասին օրենքի՝ իրենց վերաբերող հատվածում խախտվում է անմեղության կանխավարկածը․ ՊՊԾ գնդի գրավման մասին նկարագրում նշվում է․ հանցագործություն կատարած անձինք՝ այն դեպքում, երբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։

Ավետիսյանն անդրադառնում է նաև պատանդների և տուժողների առարկության պայմանի․ - «Պետությունը չի կատարում իր գործառույթը, հրաժարվում է դրանից և այն թողնում է կամայական․․․ այդպես համաներում չի կարող կիրառվել: Դա նույնպես իրավունքի խախտում է: Այդպիսի պայման պետք է չդրվեր: Կա՛մ արվեր, կա՛մ չարվեր: Համաներումը պետության գործառույթն է, չի կարող պայմանավորվել անհատների կամքով: Այդ տեսակետը, որ պետք է հավասարակշռություն լինի, պետք է տուժողների իրավունքները հարգվեն և այլն, դրանք այլ կերպ պետք է հարգվեն: Ոչ թե համաներման գործառույթը պետությունը զիջի տուժողներին»:

Ավետիսյանը նաև պնդում է, որ Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը իրենց քրեական գործող տուժող չի կարող համարվել։ Օսիպյանը գնդի գրավման ժամանակ Երևանի փոխոստիկանապետն էր, և մի քանի ոստիկանի հետ պատանդառվել էր։

Երեկ ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս թեմային՝ նա կրկին պնդել էր, որ պատանդ է եղել․ - «Էլ բան ու գործ չունեի, 7-8 օր մնացել եմ էնտեղ: Գործերս թողած, գնացել եմ էնտեղ, հա՞»:

«Օսիպյանը և իր նմանները տուժող չեն: Մեր ժողովուրդը տասնամյակներ շարունակ այդպիսիներից տուժել է», - ասաց Վարուժան Ավետիսյանը:

Երեկ Վալերի Օսիպյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բավարարված է համաներման տեքստով։

Հարցին, թե արդյոք կառարկի, որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներումը չտարածվի, ոստիկանապետն ասել էր՝ ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք։

Օսիպյանը նաև հավելել էր․ - «2016-ի հայտնի իրադարձություններից հետո ես բազմաթիվ անգամ արտահայտել եմ իմ դիրքորոշումը: Պնդում եմ նաև նախաքննության ժամանակ իմ տված ցուցմունքները: Նախաքննության ժամանակ ես սպառիչ ցուցմունքներ եմ տվել: Որպես իրավապահ կառույցի ղեկավար, որպես ոստիկան կարծում եմ, որ հանցանք կատարած յուրաքանչյուր անձը պիտի պատասխան տա օրենքի առջև»:

Հայաստանի ոստիկանապետը նաև ասել է, որ կիսում է գնդի տարածքում զոհված ոստիկանների հարազատների տեսակետը (վերջիններս դեմ են, որ խմբի անդամների նկատմամբ համաներում տարածվի)։ Օսիպյանն ասաց, որ պետք է պատանդների և զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնել։

Ի տարբերություն «Սասնա ծռերի», համաներումը չի տարածվում Նորքի զինված խմբի գործով 20 մեղադրյալների վրա: Հիշեցնեմ, 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: Խուզարկության ընթացքում հայտնաբերել էին զինամթերք։ Ըստ մեղադրանքի, գործով անցնող գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանն իր հավաքագրած զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել Նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա՝ Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացնելու նպատակով:

Նորքի զինված խմբի գործով մեղադրյալ Խաչիկ Ավետիսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը խտրական է համարում կառավարության մոտեցումը․ - «Տարվերակված մոտեցում ա, տրամաբանության չի համապատասխանում: Մենք չենք ասում, թե ինչու ա կիրառվում ՊՊԾ գնդի հետ կապված անձանց վրա: Ասում ենք՝ ինչո՞ւ չի կիրառվում մեր պաշտպանյալների վրա, կոնկրետ Նորքի գործի: Որովհետև եթե էնտեղ կոնկրետ գործողություններ են եղել, զենք, զինամթերք, կրակոց, հարձակում, այստեղ որևէ նման գործողություն չկա»:

Համաներմամբ երեկ բանտից ազատ արձակվեց Արժեքների հեղափոխության գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանը, ով 5 տարի առաջ դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Դատարանն ապացուցված էր համարել, որ նա և իր համախոհները մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։

Հարությունյանը իշխանափոխությունից հետո արդարացում էր պահանջում՝ հրաժարվելով բանտից դուրս գալու այլ տարբերակներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG