Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արա Բաբլոյանի կարծիքով՝ Հանրապետականը պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին Բաբլոյանն ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հանրապետականների շանսերը, Բաբլոյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել ինչպես եմ գնահատում, բայց ես կարող եմ ասել, որ Հանրապետականն ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ, և կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել՝ հետագա մեր զարգացումների համար»։
Բաբլոյանն ասաց, որ ինքը չի մասնակցի ընտրություններին։ «Կարծում եմ, որ ես բավական է, ինչքան որ գործունեությունս ծավալել եմ քաղաքականության մեջ, կարծում եմ, որ հիմա պետք է արդեն ավելի երիտասարդ, բայց միևնույն ժամանակ փորձառություն ունեցող և բանիմաց մարդիկ մասնակցեն, կարծում եմ, որ նրանք առկա են», - ասաց Բաբլոյանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել պաշտպանության նախկին նախարար, հանրապետական Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ Հանրապետական կուսակցությունն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին:
«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ոչ արտոնություն է, ոչ վարչական լծակ, ոչ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը», - գրել է Վիգեն Սարգսյանը:
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցությունների և դաշինքների առաջադրումն արդեն մեկնարկել է, վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։ Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։