Գյուղատնտեսության նախարարությունն ունի տեսլական ոչ թե առաջիկա հինգ տարվա, այլ առաջիկա տասը տարվա համար, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ հստակ ռազմավարություն արդեն ունեն։ Ռազմավարությունն ունենալու է հստակ թվային պատկեր, թե ուր են գնում, և հինգ-տասը տարի հետո հասարակությանը ցույց են տալու, թե որտեղ է հասնելու գյուղատնտեսությունը։
«Գերխնդիրներն են՝ հողերի օգտագործման ծավալների ավելացումը, դրա համար հստակ մեխանիզմներ են նախատեսվելու, որը հնարավորություն կտա մասնավոր սեկտորին չօգտագործված հողերն օգտագործել։ Գերխնդիր է ռեգիստրի վարումը գյուղատնտեսական, որպեսզի մենք հստակ պատկեր ունենանք գյուղատնտեսությամբ զբաղվողների վերաբերյալ, որոնք ավելացված արժեք են ստեղծում, գերխնդիր է մեզ համար արդյունավետության բարձրացումը, ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառումը, և այս անգամ մեր մատնանշած ռազմավարությունն ունենալու է հստակ թվային պատկեր, թե մենք ուր ենք գնում, որը հնարավորություն կտա հասարակությանը վերահսկելի դարձնել։ Այսինքն՝ մենք տասը տարի հետո, կամ հինգ տարի հետո ձեզ ցույց ենք տալու, թե որտեղ է հասնելու մեր գյուղատնտեսությունը։ Ունենալու է իր հստակ արդյունքը, պատկերը, և, բնականաբար, դա բաժանվելու է տարիների։ Հասարակությունը հնարավորություն է ունենալու հետևելու, թե մենք կոնկրետ որտեղ ենք և ինչքան գումար ենք ծախսել դրա համար», - ասաց Գեղամ Գևորգյանը։
Օգտատերերից մեկի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար, որևէ աջակցություն լինելո՞ւ է, և թունաքիմիկատների որակի և գնի կհետ կապված լինելո՞ւ է աջակցություն, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. - «Բնական աղետներից պաշտպանության համակարգ է մշակվում, փորձում ենք արդյունավետությունը հասկանալ, որը կկանխարգելի ռիսկերը, ներդրվում է ապահովագրական համակարգը, որը վնասների հատուցման հստակ մեխանիզմ կսահմանի։ Այս տարի մենք իրականացնելու ենք պիլոտը՝ կոնկրետ մշակաբույսի և երկու կամ երեք մարզի տարածքում, աշխատելու պարագայում՝ գնահատելով խնդիրները, մենք կզարգացնենք այս ծրագիրը։ Նաև հատուցման մասին էր հարցը՝ այո՛, այս տարի հատուցում լինելու է, և հատուցման չափը արդեն սահմանված է, կառավարության որոշումը կհրապարակվի, և հատուցումը տեղ կհասնի գյուղացիական տնտեսությանը։ Ինչ վերաբերում է թունաքիմիկատներին՝ թունաքիմիկատների շուկայի կարգավորման հարցով մենք այս պահին զբաղվում ենք, ինչ վերաբերում է թունաքիմիկատների գնին՝ չեմ կարծում, որ պետությունը պետք է գնային քաղաքականության մեջ խառնվի, դա մասնավոր հատված է։ Եթե մենք օրենսդրական դաշտում ճիշտ կարգավորում տանք, շուկան մրցակցային է՝ կլինի և՛ էժան, և՛ թանկ, տարբեր որակի, տարբեր տեսակի քիմիկատներ»։