Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում այսօր ընտրություններ են


ԱՄՆ - Տեղեկատվական պաստառ Կալիֆորնիայում, հոկտեմբեր, 2018թ․
ԱՄՆ - Տեղեկատվական պաստառ Կալիֆորնիայում, հոկտեմբեր, 2018թ․

Միացյալ Նահանգներում այսօր Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների տան 435 անդամներն ու Սենատի մոտ մեկ երրորդը՝ 33 պատվիրակներ:

Օրենսդիր մարմնի ապագա կազմը որոշելուց բացի, այս քվեարկությունը նաև կհուշի՝ որքանով է արդյունավետ աշխատելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնավարման վերջին երկու տարիների ընթացքում:

Փաստացի, եթե հանրապետականները կորցնեն մեծամասնությունը Կոնգրեսում, դեմոկրատներն առիթը բաց չեն թողնի՝ ակտիվացնելու նախագահ Թրամփի ու նրա աջակիցների դեմ շարունակվող հետաքննությունը՝ նախագահական վերջին ընտրություններում ռուսների հետ համագործակցելու գործով: Ընդդիմության հաղթանակի դեպքում Թրամփի համար նաև դժվար կլինի առաջ տարել իր շատ հաճախ անկանխատեսելի ու վիճահարույց փոփոխությունները՝ հարկերի, առողջապահության ու միգրացիայի հարցերում:

Հնարավոր մյուս սցենարով Ներկայացուցիչների տունը կարող է անցնել դեմոկրատներին, Սենատը՝ մնալ հանրապետականների ձեռքում, սակայն այդ դեպքում էլ Սպիտակ տան ղեկավարին լարված ու բարդ օրեր են սպասվում:

«Թեև իմ անունը քվեաթերթիկների վրա չկա, սակայն ես էլ եմ ինչ-որ չափով մասնակցում քվեարկությանը», - նախօրեին հայտարարում էր Թրամփը, ընդգծելով՝ այս քվեարկությունը յուրօրինակ վստահության հանրաքվե է՝ իր քաղաքականությանը:

«Շատ քիչ է մնացել մեր կյանքի ամենակարևոր ընտրություններից մեկին, սա շատ կարևոր քվեակություն է: Հանրապետականների ղեկավարության տակ Ամերիկան կրկին հարգված է, Ամերիկան կրկին հաղթում է, քանի որ մենք վերջապես Ամերիկան դասում ենք ամեն ինչից վեր, այդպես չէ՞», - ասում էր ԱՄՆ նախագահը:

Նախընտրական արշավի մեկնարկից մինչև երեկ՝ քարոզարշավի վերջին օրը, նախագահ Թրամփը հետևողականորեն նույն միտքն էր շրջանառում՝ Ամերիկան թերևս երբեք այդքան հզոր չի եղել տնտեսապես:

Ընդդիմադիր դեմոկրատներն էլ, իրենց հերթին, պնդում են՝ չնայած տնտեսական աճի բարձր ցուցանիշներին, Թրամփի վարկանիշը ավելի ցածր է, քան, ասենք, նրա նախորդինը՝ Բարաք Օբամայինը պաշտոնավարումից երկու տարի անց:

«Մենք այս քվեարկությամբ պայքարում ենք հանուն Ամերիկայի ոգու», - հայտարարում էր դեմոկրատ, Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: - «Այս ընտրությունները մեր պետության դիմագիծն են ցույց տալու և կանխորոշելու՝ ինչպիսին ենք մենք լինելու որպես ժողովուրդ: Հիմա այն պահն է, երբ մենք պետք է պայքարի դուրս գանք հանուն ամերիկյան գաղափարների»:

Հարցումները փաստում են, որ առնվազն 30 նահանգներում պայքարը ծայրահեղ թեժ է, մրցակիցները միմյանցից առաջ են անցնում մեկ կամ երկու տոկոսով՝գրեթե անհնարին դարձնելով վերջնական արդյունքների կանխատեսումը: Մեկ բան, սակայն, այսօր հստակ է՝ առաջիկա քվեարկությունից անմիջապես հետո Ամերիկան մտնելու է շատ ավելի կարևոր ու վճռորոշ ընտրական փուլ՝ պատրաստվելով արդեն 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG