Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շարունակում է նախագահել ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը


ԵՊՀ պաշտոնական կայքի համաձայն Սերժ Սարգսյանը շարունակում է նախագահել համալսարանի հոգաբարձուների խորհուրդը:

32 անդամից բաղկացած կազմը ընտրվել է դեռևս 2015 -ին՝ 5 տարի ժամկետով: Խորհուրդը ձևավորվում է դասախոսական կազմի, ուսանողների, կառավարության ու Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ: Ստացվում է, օրինակ, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին նախարարներ Վիգեն Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ-ական պատգամվոր Արմեն Աշոտյանը ԵՊՀ-ում ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

«Որոշակի անհստակություն կա կարգում, թե արդյոք այդ մարդիկ ներկայացված են ի պաշտոնե: Չնայած ենթադրում եմ, որ ներկայացված են ի պաշտոնե, բայց պաշտոնից ազատվելուց հետո կարգը չի սահմանում, որ ավտոմատ նրանց անդամությունը խորհուրդներին կասեցվում է։ Մենք ունենք Տարոն Մարգարյանի դեպքը, երբ որ ինքը դիմումով դիմել է, որպեսզի իր անդամությունը Ճարտարապետաշինարարական համալսարանի խորհրդի կազմում դադարեցվի», - ասաց ԿԳ փոխնախարարի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։

Restart ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ստեղծված իրավիճակը համարում է իրենց այն հայտարարությունների վկայությունը, որ հեղափոխությունը դեռևս բուհեր չի մտել: Ուսանողական խորհուրդն արդեն ներկայացրել է հոգաբարձուների խորհրդում իր նոր կազմը։ Համոզված են, որ փոփոխությունները պետք է իրականացնել մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

«Ամբողջովին ապահովագրված չենք նոր խնդիրներից համալսարանի հետ կապված, որովհետև էն փոփոխությունները, որ քաղաքական դաշտում տեղի են ունենում, շատ արագ կերպով անդրադառնում են նաև համալսարանի վրա, իսկ համալսարանը տարիներ շարունակ եղել ա նախկին իշխանությունների հենակետերից մեկը թե՛ ընտրությունների կազմակերպման, թե՛ ուսանողական ձայները ճնշելու, թե՛ իրենց լեգիտիմացնելու։ Ցավոք սրտի, հոգաբարձուների խորհրդում որոշումներ կայացվել են մեկ մարդու ուղղակի ցանկությամբ։ Էդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն ա եղել, որովհետև այնպիսի որոշումներ, ինչպիսիք են Երիտասարդական հիմադրամին երկու տոկոս գումար տալը, ուղղակի բացառությամբ մեկ դեկանի կամ մի քանի, ուղղակի բոլորի կողմից ընդունվել են», - նշեց Դավիթ Պետրոսյանը։

Պետական ուսումնական հաստատություններում նոր հոգաբարձուների խորհուրդների ձևավորման ձգձգումը դժվարացնում է նաև բուհերի աշխատանքը: Հոգաբարձուների խորհուրդն է ընտրում ռեկտորին, քննարկում և հաստատում բուհի կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը և այլն: 2018 թվականի ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ոչ մի նիստ չի գումարել և ամենաուշը դեկտեմբերին նոր նիստ գումարելու անհրաժեշտություն կա:

«Ցավոք սրտի, տարիներ շարունակ այդ կառավարման մարմինները վերածվել էին զուտ ձևական՝ վերջում ռեկտորի հաշվետվություն լսող մարմնի։ Ես կարծում եմ, որ նաև փիլիսոփայությունը կառավարման խորհրդի պետք է փոխվի», - ընդգծեց ԿԳ փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում նաև խորհուրդների ձևավորման կարգում, որը սահմանվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքով: Նախորդ իշխանությունները փոփոխության նախագիծ էին ներկայացրել Ազգային ժողով, որով սահմանվում էր, որ բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել։ Ավելի ուշ ՀՀԿ խմբակցությունը նախագծում որոշակի փոփոխություններ մտցրեց, ինչը ԵՊՀ-ի դեպքում բացառության հնարավորություն էր տալիս՝ թույլ տալով, որ Սերժ Սարգսյանը մնա հոգաբարձուների խորհրդում: Այս նախագիծը հետ կանչվեց: Այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր նախագիծ է պատրաստվում ուղարկել խորհրդարան:

«Պարտադիր չի, որ մենք սպասենք ինչ-որ օրենք կփոխվի: Մենք կարող ենք այսօր էլ ցույց տալ, որ տեսեք, բուհերի խորհուրդներում արմատական փոփոխություններ են լինում, և սրանք արդեն այն մարմիններն են, որտեղ արդեն քաղաքական ճնշումներ, կուսակցական գործիչներ, իշխանության հետ սերտ հարաբերությամբ մարդիկ չկան։ Սպասում էի, որ շատ արագ ձևով բուհերի խորհուրդներում կլինեն փոփխություններ, և այդ փոփոխությունները կլինեն շատ արմատական։ Օրինակ, ասենք, բուհերի խորհուրդներում կընդգրկվեն գործատուներ, կրթության, մշակույթի, գիտության, կառավարման հայտնի մասնագետներ և այլևս չեն լինի մարզպետներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ։ Ցանկացած ռեկտորի համար շատ մեծ բեռ ա, երբ որ երկրի առաջի դեմքն ա իրա խորհրդի նախագահը․ դա շատ հարցերում կաշկանդում է», - ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Հովհաննես Հովհաննիսյանը բացառեց, թե Սերժ Սարգսյանին կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. - «Որոշակի քննարկումներ դեռ պետք է անենք, որպեսզի վերջնական մոդելը հասկանանք ինչպիսին պետք է լինի: Բայց մի բան հստակ է՝ պետությունը այստեղ շատ քիչ մասնակցություն է ունենալու։ Քննարկվում է ֆինանսավորման չափ - մասնակցություն հարաբերակցությունը, այսինքն՝ որքանով պետությունը ֆինանսավորում է, այդքան չափով էլ մասնակցի կառավարման գործունեությանը»։

Փոխնախարարի պաշտոնակատարը հույս ունի, որ մինչև տարեվերջ կկարողանան բոլոր պետական բուհերի խորհուրդների կազմը փոխել և առաջնորդվելու են այն սկզբունքով, որ որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ չհայտնվի խորհդի կազմում, այդ թվում՝ նախարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG