Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովում քննարկվում է գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ 2015 թվականին, երբ «Տաշիր գրուպը» ձեռք բերեց Հայաստանի էլեկտրական ցանցերը, ընկերության ղեկավար կազմի աշխատավարձը նվազեց։

Կարեն Հարությունյանն այսպես արձագանքեց ի պատասխան պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։ Պատգամավորին հետաքրքրում էր, թե որքան է կազմում գլխավոր տնօրենի եկամուտը։

Հարությունյանն իր աշխատավարձի չափը, իհարկե, չհրապարակեց՝ ասելով․ - «2015 թվականից, նոր թիմի աշխատանքից հետո ղեկավար անձնակազմի աշխատավարձը նվազեցվեց: Դրանից հետո չի բարձրացվել: Նվազագույն աշխատավարձերը բարձրացվեցին, միջինը մնաց նույնը»:

«ՀէՑ-ը բարձր աշխատավարձ կտա թե պարգևավճար, դա սպառողի ուսերին չի մնա», - ասում է գլխավոր տնօրենը։

Հարությունյանը, ով այսօր մասնակցում էր գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, նաև նշեց, որ պատրաստվում են
աստիճանաբար կրճատել աշխատակիցների թիվ՝ 7800-ից հասցնելով 6140-ի։

Սա, սակայն, միակ հանգամանքը չէ, որը ազդում է սակագնի ձևավորման վրա։

Հանձնաժողովականները նաև կորուստներից խոսեցին։ Ըստ ՀԷՑ-ի, գնված էլեկտրաէներգիայի 11,03 տոկոսը կազմում են կորուստները: Սա հաշվարկված է հստակ մեթոդաբանությամբ և մինչև 2021 թվականը մնալու է անփոփոխ։

Պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե փաստացի որքան են կազմում կորուստները: Պարզվեց ընդամենը՝ 9 տոկոս։

Մելքումյանն ասաց․ - «Եթե փաստացի կորուստները էսօր 9 տոկոս է, ինչի՞ ա սակագնի մեջ նստած 11,2 տոկոսը: Հիմա եթե մենք գալիս ենք, թե 19 թվի փետրվարից կամ չգիտեմ որ ժամանակից պետք ա փոխենք, էլի մնալո՞ւ ա 11,2 տոկոսը, թե՞ փաստացի կորուստը, որը 9 տոկոսը, որը հըլը մենք պետք ա քննարկենք՝ ինն ա թե ինչքան ա, որպեսզի մենք նստացնենք փաստացի կորստի չափը: Ինչքան որ փաստացի կորուստ կա, էդքան կորուստը բերեք նստացնենք սակագնի մեջ»:

Տնտեսագետ Մելքումյանը նկատեց, որ յուրաքանչյուր 1 տոկոս կորուստի նվազեցումը բերում է սակագնում 0,3 դրամի նվազեցման: Նա ասաց, որ պետք է փոխել մեթոդաբանությունը։

Իսկ ՀԷՑ-ի տնօրենը սեփական տեսակետը պնդեց․ - «Սահմանված ա մեր մեթոդաբանությամբ, որ մենք մինչև 2012 թվականը ունենալու են 11,03 տոկոս: Ունենք մեթոդաբանություն, ունենք կարգ՝ աշխատում ենք մենք էս կարգով»:

Մելքումյանը հակադարձեց․ - «Իսկ ո՞վ է ասել, որ գործող սակագնային մեթոդաբանությունը, որը կոչվում է անհրաժեշտ հասույթի մեթոդաբանություն, մենք չենք կարող փոփոխության ենթարկել: Հո չի՞ նշանակում, որ մի անգամ մեթոդաբանություն ենք ընդունել, դրանք չեն կարող կատարելագործել և համապատասխանեցնել ժամանակի պահանջին՝ բոլոր շահառուների շահերի խաչման տեսանկյունից: Դուք գիտեք, և սա պոպուլիստական բան չեմ ասում, որ բոլոր պայմաններում գների աճը ընկել է սպառողների վրա․․․ Էդ մեթոդաբանությունը կարող ենք կատարելագործել»:

Մոտ 40 դրամով սպառողներին էլեկտրաէներգիա վաճառող ՀԷՑ-ը արտադրողներից էլեկտրաէներգիան գնում է ընդամենը 21,6 դրամով։
Որպեսզի հնարավոր լինի վերջնական սակագինը նվազեցնել, միայն ՀԷՑ-ը չպետք է աշխատի։ Միքայել Մելքումյանը վստահ է, որ անելիք կա նաև հոսանք արտադրողների շրջանում՝ սկսած ատոմակայանից վերջացրած «Երևան ՋԷԿ»-ով։

Էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ ինքը հետևողական է լինելու՝ բացերը պարզելու նպատակով։

Ըստ նրա, մինչև տարեվերջ օպտիմալացում է լինելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում՝ կրճատելու են 150 աշխատող։ Եվ նրանց հեռանալով, Բաղրամյանի խոսքով, ընկերության աշխատանքում ոչինչ չի փոխվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG