Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Մեր երկիրը իրական իշխանության և իրական ընդդիմության կարիք ունի


Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ դեկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո ՀՀԿ-ն ներկայացված կլինի խորհրդարանում՝ իբրև արմատական ընդդիմություն:

Շարմնազանովի փոխանցմամբ՝ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշումը կկայացնեն ընթացիկ շաբաթվա վերջին կայանալիք համաժողովում կամ խորհրդի նիստում, բայց արդեն իսկ կարելի է ասել, որ հակված են մասնակցելու ընտրություններին:

Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակին, ապա դրանում ընդգրկված կլինեն կուսակցությունը ներկայացնող անձինք: Նախկինում Հանրապետականին տասնյակ հազարներով ձայներ բերած գործարարները ցուցակում չեն լինի․ Շարմազանովի խոսքով՝ նրանք վաղուց արդեն աջակցում են Փաշինյանին:

Ի դեպ, կուսակցության նախագահի փոփոխություն չի լինի, քանի որ, ըստ Շարմազնովի, դա հնարավոր է միայն համագումարի միջոցով, բայց հիմա համագումար անցկանելու ժամանակ չկա, հազիվ կարողանան հասցնել պատրաստվել ընտրություններին:

Շարմազանով․ - Մենք կքննարկենք, և ինչպիսի ցուցակ կունենանք՝ կներկայացնենք հասարակությանը: Ցուցակում կլինեն, առնվազն առաջին տեղերում կլինեն մարդիկ, ում հետ որ էսօր ասոցիացվում է Հանրապետական կուսակցությունը և հանրապետական ընդդիմադիր գաղափարախոսությունը:

«Ազատություն»․ - Կթվարկե՞ք մեկ-երկուսի անունները:

Շարմազանով․ - Վիգենը Սարգսյան, ես, Արմենը Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Դավիթ Հարությունյան:

«Ազատություն»․ - Այլևս չե՞ն ընդգրկվելու այն անձինք, ովքեր բավական լուրջ ձայներ են բերել Հանրապետականին՝ գործարարները․․․

Շարմազանով․ - Այն անձինք, ում դուք օլիգարխ եք անվանել կամ մեծահարուստներ եք անվանել, դրանց ճնշող մեծամասնությունը այլևս նոր իշխանության ջատագով է դարձել, և դուք կարող եք դա տեսնել հենց պառլամենտում քվեարկությունների ժամանակ: Աստված իրանց հետ: Եվ էսօր Հանրապետական բացառապես մնացել է քաղաքական թևը, և սա շատ լավ է: Մենք ունենք քաղաքական ասելիք, մենք բոլոր մեր կուսակցությունից գնացած գործընկերներին հաջողություն ենք մաղթում, շնորհակալ ենք բոլորին համատեղ աշխատանքի համար:

«Ազատություն»․ - Բացառո՞ւմ եք, որ նրանք ռեյտինգային նորից գան ձեզ մոտ:

Շարմանազոնով․ - Հիմնականում բացառում եմ: Էդ մարդիկ եթե գալու լինեին, չէին գնա: Իրանք հայտարարություն են արել, նրանց մեծ մասը կասկածում են, որ կզբաղվեն քաղաքականությամբ:

Շարմազնավոը բացառում է ՀՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ իրենք չեն գնում մեծամասնություն վերցնելու, չեն գնում են ռևանշի, այլ ցանկանում են խորհրդանում լինել իբրև իրական ընդդմիություն:

Շարմազանով․ - Ես չեմ կարծում, որ մենք պետք է մտածենք անցողիկ շեմը կհաղթահարե՞նք, թե՞ ոչ: Իհարկե կհաղթահարենք:

«Ազատություն»․ - Ձեզ ձայն տվողը ո՞վ է լինելու:

Շարմազանով․ - Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը հույսը կապում է ազգային արժեքներ դավանող․․․ Մեր նպատակը իշխանությունը վերանվաճելը չի, մենք չենք գնում վաթսուն տոկոս հավաքելու: Մենք գնում ենք համապատասխան նորմալ ձայներ հավաքելու, որպեսզի ունենանք նորմալ ներկայացվածություն՝ որպես ընդդիմադիր խմբակցություն:

«Ազատություն»․ - Դուք բացառո՞ւմ եք, որ խորհրդարանում ներկայացված չեք լինի:

Շարմազանով․ - Գործնականում բացառում եմ, որովհետև հանդիպումներ ունեցել եմ հանրության լայն շրջանակների հետ և ես համոզված եմ, որ Հանրապետականը, ճիշտ աշխատանքի դեպքում և իր աշխատանքը ներկայացնելու դեպքում, բավականին լուրջ ներկայացվածություն կունենա մեր խորհրդարանում:

Հանրապետականի խոսնակի համոզմամբ՝ այսօր միակ, իրական ընդդիմությունը իրենք են․ որևէ այլ ուժ չկա , որը քննադատում է Փաշինյանի կառավարությանը: Մնացած բոլորը ծափահարել են: Իսկ առանց քննադատության, ըստ Շարմազանովի, Փաշինյանը կարճ ժամանակ հետո լուրջ խնդիրների առջև է կանգնելու: Հետևաբար հենց նրա շահերից բխում նոր Ազգային ժողովում ունենալ իրական ընդդմիություն:

Շարմանազանով․ - Էս երկիրը ձևական ձևական ընդդիմության կարիք չունի: Մեր երկիրը իրական իշխանության և իրական ընդդիմության կարիք ունի, որոնք երկուսն էլ՝ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ, պետք է յուրաքանչյուրն իր գործառույթն անի և պաշտպանի Հայաստանի Հանրապետության շահը: Իսկ էդ ընդդիմությունը ես եմ, մենք ենք, ուրիշ չկա․․․ ո՞ւր ա, ո՞ր մեկն ա խոսել․․․ Եթե սևի-սպիտակի կռիվ ա, եթե մեծամասնությունը Փաշինյանն ա, իսկ մյուս կողմն էլ՝ ով որ համամիտ չի, պիտի ստեղ ըլնի: Ինձ պիտի պաշտպանի, ես եմ քննադատել: Կառավարության, վարչապետի ընտրություններ, Կառավարության ծրագրի քննարկում․․․ էդ ընդդիմադիր պատգամավորներից, ընդդիմադիր խմբակցություններից «Ե՞լքը» խոսեց, Դաշնակցությո՞ւնը խոսեց, թե՞ «Ծառուկյան» դաշինքը խոսեց․․․ Բա թող խոսեին․․․ Բոլորը դրոշը վերցրած «Քաղաքացիական պայմանագրից» ավելի շատ են գովում Փաշինյանի կառավարությանը: Պատերի տակ ուրիշ բան խոսելով, իրար հերթ չտալով՝ էնքան Փաշինյանը մի հատ նայի, տենա ասի՝ արա, էս ինչ ա, մալադեց, սրանք էլ են ինձ լավ գովում: Հո Բրեժնևի ժամանակները չե՞նք ապրում, որ բոլորը կանգնեն և ծափահարեն: Մեր երկրի պրոբլեմները նաև դրանից են եղել:

«Ազատություն»․ - Բայց ձեր ժամանակ էլ էր էդպես․․․

Շարմազանով․ - Եթե մեր ժամանակ ամեն ինչ լավ լիներ, մենք էսօր կլինեինք իշխանության: Սիրելի ժողովուրդ ջան, չի կարա Փաշինյանը հարյուր տոկոսն էլ ինքը ըլնի: Չի՛ կարա, Սահմանադրությունը թույլ չի տալիս: Ժողովրդավարական երկրներում, պետք ա իշխանություն, պետք ա ընդդիմություն: Նույն Փաշինյանը կարիք ունի նորմալ, առողջ ընդդիմության, որը փաստարկված քննադատում ա: Իսկ ո՞վ ա էդ ընդդիմությունը, ո՞վ ա քննադատում՝ առարկայական, փաստարկված: Ո՞վ ա էդ այլընտրանքային կարծիքը: Մե՛նք, ե՛ս՝ Շարմազանովը, Աշոտյանը, Վիգենը Սարգսյան, Արփինեն Հովհաննիսյան, Վահրամը Բաղդասարյան:

«Ազատություն»․ - Ստացվում է, այսօր Հայաստանում կա մեկ իրական ընդդիմությո՞ւն:

Շարմազանով․ - Խի կա՞ այլ ընդդիմություն էսօր:

«Ազատություն»․ - Գուցե ծնվի՞ ընտրություններից հետո

Շարմազանով․ - Ի՞նչ ա նշանակում ծնվի․․․ վեց ամիս ա պըտի ծնված լիներ․․․ Մեր ժողովուրդ կարիք ունի իրական իշխանության և իրական ընդդիմության: Մեզ պետք չի ո՛չ ֆեյք իշխանության, ո՛չ էլ ֆեյք ընդդիմություն: Ժողովուրդ ջան, ձեզ սկզբունքային գործիչներ պետք չե՞ն, պառլամենտում մենակ ծափահարողներ են պե՞տք, որ կապ չունի ով ա իշխանություն, ով էշ՝ իրանք փալան․․․ Ու տենց վաղը իրանք գնալու են Թուրքիայի դեմ Հայաստանի շա՞հ են պաշտպանելու, Ադրբեջանի դեմ Հայաստանի ու Արցախի շա՞հ են պաշտպանելու․․․ Մի հատ գոռան՝ փախնելու են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG