Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: