Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ Կուսակցություն այս մասին տեղեկացրել է այսօր տարածած հաղորդագրությամբ։

Կուսակցությունը նաև հայտարարել է, որ պատրաստվում է իր նախընտրական ցուցակում ներգրավել նաև ներկայացուցիչներ «այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից»։

«Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության շրջանակներում», ֊ ասված է հաղորդագրությունում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնել «Ելք» դաշինքի իր գործընկերներին՝ «անգնահատելի և կարևոր» համարելով «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական աշխատանքը։

«Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու», ֊ նաև ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG