Գյումրեցիները այս մասին սկսեցին բարձրաձայնել շինարարության մեկնարկից երկու ամիս անց: Որոշ փողոցներում տեմպերն են դանդաղ, որոշ փողոցներում էլ ի հայտ են եկել խախտումներ: Եթե փողոցների անցանելիությունը քիչ թե շատ ապահովվում է, ապա մայթերի մեծ մասը անանցանելի են: Հաշվի առնելով, որ առաջիկայում էլ տեղումներ են սպասվում, քաղաքը կհայտնվի ցեխի գերության մեջ:
Ստեղծված իրավիճակի մեղավորներին գտնելու և լուծումներ առաջարկելու համար քաղաքապետարանում հանրային քննարկում էր կազմակերպվել: Պարզվեց՝ այն կազմակերպությունը, որը հաղթել է փողոցաշինության մրցույթում, նաև տեխնիկական վերահսկողության մրցույթն է շահել: Շահերի բախման շուրջ բուռն վեճ ծավալվեց:
ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ կառուցվող մի քանի փողոցներում մայթերի եզրաքարերի շարվածքի որակից են դժգոհ։ Նույնիսկ նկարել ու բերել էին՝ ապացուցելու, որ անորակ աշխատանք է իրականացվում:
«Ցանկացած բետոնյա շերտի տակ նախապատրաստական խճի շերտ է դրվում։ Ի՞նչ է, հողի վրա պետք է բետոն դրվի՞, հա՞, հետո էդ հողը լվացվի-տարվի, բետոնն էլ ընգնի վար», - նշեց քննարկման մասնակիցներից մեկը՝ ի պատասխան շինարարի պնդման, որ եզրաշարի տակ խճային շերտ նախատեսված չէ։
Մի քանի փողոցներում նույնիսկ աշխատողներին էին հաշվել: Թե ինչն է պատճառը, որ մի քանի կիլոմետր ձգվող փողոցում չորս-հինգ աշխատող կա, շինարարն արձագանքեց. - «Չորս հոգի են աշխատում, հինգ հոգի, Գերցենի վրա՝ իրեք հոգի: Մի հատ լավ պրարաբ ունենք, վեց հոգով ընդամենը էս մարդուն բերել են, մի հատ էլ բան եք դնում էդ հրապարակի վրա, էդ չգիտեմ ի՞նչ չափիչ է, որ դնում եք՝ ինչի՞ համար եք դնում։ Էդ շողի համար է, լազերային է, ըդիգ ընչի՞ եք բերե կդնեք։ Ես էսօր որոշեցի ըսի ընդեղ մեկին ըսեմ թող տանի, որովհետև ուղղակի կդնեն կվերցնեն, իբր թե շատ ուժեղ գործ կենեն, էլի։ Մենք էլ ստեղ, գյումրեցիներն էլ չգիտեն ըդիգ ինչ է կամ ինչ չէ։ Չի կարելի ըդպես, ո՞ւմ կխաբեք։ Էգուց առավոտ էդ լազերայինը որ դրիք՝ տանիմ գը, հաստատ, մի դրեք»։
Փողոցներում շինարարության ընթացքում ի հայտ են գալիս ջրի ու կոյուղու խողովակներ, որոնց գոյության մասին սպասարկողներն էլ տեղյակ չեն: Ընթացքում նախագծային փոփոխություններ են կատարվում, ինչն էլ, իր հերթին, բերում է աշխատանքների ձգձգման:
Այս պահին պատվիրատուն՝ քաղաքապետարանը, դեռևս տույժ ու տուգանքի մեխանիզմ չի կիրառում շինարարների նկատմամբ: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը զգուշացրեց շինարարներին ու նաև որակի վերահսկողներին՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք ու աշխատեք»: «Տույժ ու տուգանքի տակ կգցենք, չենք երկարացնի, նույնիսկ ձմեռ եղավ՝ չենք երկարացնի։ Հավատացեք, արդարանալու խնդիր չկա, որ հիմա նախագծողն էլ, մյուսն էլ, մյուսն էլ.... չկա էդպիսի բան, հասկցեք, շինարարներ», - ասաց Գյումրիի քաղաքապետը։
Պայմանագրային ժամկետների մեծ մասը շինարարության ավարտ նշված է փետրվար ամիսը: Եվս 65 օր կարող է պատվիրատուն ավելացնել: Սակայն նույնիսկ այդ դեպքում՝ ապրիլին Գյումրիում ասֆալտապատման համար դժվար թե նպաստավոր լինի:
Չորս փողոցի շահագործում նախատեսում են մինչև դեկտեմբերի 7-ը: Դրանք հիմնականում Գյումրիի պատմական միջուկն ընդգրկող փողոցներն են: Մայթերի հարցում էլ որոշեցին, ու շինարարներին հանձնարարվեց խճապատել, որ ցեխը չտարածվի։ Հաջորդ տարի նոր միայն կասֆալտապատվի: Ներկայացվեց նաև հաջորդ տարվա համար նախատեսված փողոցների ցանկը:
Միայն ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ 23.5 միլիոն եվրոյի աշխատանքներ են իրականացվելու երեք տարվա ընթացքում: