Մատչելիության հղումներ

Սարյանի տուն-թանգարանն անգամ զբոսաշրջային երթուղիներում ընդգրկված չէ


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, արխիվ
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, արխիվ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը մեր լավագույն մշակութային օջախներից մեկն է, որտեղ թվում է, թե մշտապես մեծ պիտի լիներ հատկապես արտասահմանից ժամանած զբոսաշրջիկների հոսքը: Բայց ինչպես «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, թանգարանն անգամ զբոսաշրջային երթուղիներում ընդգրկված չէ: Ավելին՝ նույնիսկ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Ֆրանսիայից ժամանած հյուրերի համար թանգարան այցելություն նախատեսված չի եղել, թեև թանգարանն այս կապակցությամբ նախօրոք բացել էր «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով շատ ուշագրավ ցուցահանդեսը:

«Մենք շուտ բացեցինք, որովհետև ուզում էինք ավելի օգտագործել տուրիստական հոսքերը, բայց էլի, ոնց որ ասած, չաշխատեց, որովհետև մեզ մոտ ի սկզբանե այդ պրոբլեմը դրված է, ամբողջ համակարգային պրոբլեմ է տուրիստական այս գործակալությունների աշխատանքը։ Ինձ թվում է, դա կոմիտեի հենց քաղաքականությունն է՝ ուղղորդել բոլորին մեր հուշարձաններ, արգելոց-թանգարաններ։ Այսինքն, եթե մեկ շաբաթով գալիս են, վեց օրը պիտի անպայման շրջագայեն, իսկ մայրաքաղաքում Սարյան թանգարանը էդ մարշրուտների մեջ չի ընդգրկված․ միայն Ծիծեռնակաբերդ, մեր Պատմության թանգարանը և Մատենադարանը», - ասաց Ռուզան Սարյանը՝ հավելելով․ - «Սարյան թանգարանը և բոլոր մյուսը չի ընդգրկվում՝ 14 տարի խոսում եմ, փնովում եմ, քննադատում եմ, տեղ չի հասնում»:

«Մենք շատ սիրում ենք օգտագործել Սարյանի ստեղծագործությունները ամեն ինչի վրա, որովհետև Սարյանից լավ Հայաստան պատկերել դեռ ուրիշ ոչ մի նկարչի չի հաջողվել, որ համապարփակ մի նկարով կամ մի դրվագով իսկույն զգացվի, որ սա Հայաստանն է», - նշեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում, ասաց Ռուզան Սարյանը, «բեմի վրա համերգը եղավ՝ գալա համերգը, և էդտեղ Սարյանի «Պաննո»-ի դրվագներն էին օգտագործված, մեր տաղավարը՝ Ազատության հրապարակում, էլի Սարյանի «Պաննո»-ից դրվագներով էր զարդարված, բայց Սարյանի անուն, չես հասկանում ինչու, չեն տալիս»: «Տարօրինակ է, մանավանդ եթե ֆրանսիացի գրող Լուի Արագոնը ասում է, որ «Սարյանի տեղը մեր Սեզանի, մեր Մատիսի կողքին է, գուցե ավելի բարձր, որովհետև նա երջանկությա՛ն նկարիչ է»։ Ֆրանսիացին չի ամաչում դա գրել, ասել, բարձրաձայնել, բայց մենք՝ հայերս, չես հասկանում ինչու ենք մոռանում, որ արժեքներ կան, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին», - ընդգծեց Սարյանի տուն-թանգարանի տնօրենը՝ շարունակելով․ - «Միայն Սարյան թանգարանի գործունեությամբ չէ, որ դա հնարավոր է, դա պետությա՛ն մակարդակով է արվում: Չգիտեմ, մի բան կա, որ էնպես չի»:

«Մենք մեր գործունեությունը ծավալում ենք՝ անկախ ամեն ինչից: Կյանքը ցույց է տալիս, որ մեր ամենահանդուգն ծրագրերը իրականում են: Հիմա անհնարին պրոյեկտներից է, որ կազմակերպենք Սարյանի ցուցահանդեսը Ամստերդամի Վան Գոգի թանգարանում՝ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Երկրորդ պրոյեկտը ուզում ենք անել Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի հետ։ Հիմա ուզում ենք գլուխ բերել մի ծրագիր, որտեղ Սարյանը կներկայանա ֆրանսիացի հայտնի նկարիչների կողքին, այսինքն՝ ինչ որ Լուի Արագոնն ասել է՝ որտեղ է իր տեղը, այ այդ հարևանությամբ, որովհետև իսկապես նրա տեղը այնտեղ է, <...> նա այդ կոնտեքստում էր, մենք ուզում ենք նրան նորից վերադարձնել այդ կոնտեքստ», - փոխանցեց թանգարանի տնօրենը։

«Եվ հետո պայքար՝ ամեն տեսակ զեղծարարների դեմ: Դա շատ բարդ է, մանավանդ, երբ որ պետությունն էր այդ գործի մեջ ներգրավված, հիմա ոնց որ թե վիճակը փոխվել է, տեսնենք՝ ուր կհասնենք: Էլի բարդ է շատ, բայց աշխատանք է՝ պիտի արվի: Եթե խելոք են, կդադադարեն այս գործունեությունը, եթե լկտի են և շարունակելու են, ուրեմն՝ հետևանքները կլինեն ամենածանրը», - ասաց Ռուզան Սարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG