«Արեգ» հրատարակչությունն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյա հոբելյանը, և ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտեցհրատարակչության հիմնադիր տնօրեն Սամվել Գասպարյանը այս կապակցությամբ հայ ընթերցողի համար շատ ուշագրավ գրքեր է նախապատրաստել, որոնց շարքում էԱզնավուրի բանաստեղծությունների գիրքը՝ «Շառլ Ազնավուր․ դարի երգիչը»:
Նշենք, որ Սամվել Գասպարյանը դեռ անցյալ դարի 60-ականներին առաջինն է Հայաստանում թարգմանել և հրատարակել Ազնավուրի բանաստեղծական առաջին գրքույկը:
Այս նոր լուսանկարազարդ գիրքը ամփոփում է Ազնավուրի՝ հայերեն տարբեր բանաստեղծների կողմից մինչև այժմ թարգմանված գրեթե բոլոր բանաստեղծությունները․ - «Երեք թարգմանիչների, որոնք շատ են Ազնավուր թարգմանել: Սկզբից Աբրահամ Ալեքյան, հետո ես եմ թարգմանել, հետո Պերճը Թյուրաբյան, որը նաև երգում է: Ես մինչև հիմա Ազնավուրից չորս գիրք տպել էի, բայց իմ թարգմանություններով: Որոշեցի այս անգամ երեքինն էլ միասին անեմ: Կարելի է ասել, որ համարյա ամբողջական Ազնավուր ա ստացվում: Ամենաուշը տասը օրից գիրքը լույս կտեսնի»:
Գասպարյանն ասաց, որ նախկին չորս գրքերին Շառլ Ազնավուրը ծանոթ է եղել․ - «Ես անձամբ եմ նվիրել իրեն բոլոր գրքերը: Շատ էր ուրախանում: Մեզ համար, Հայաստանի համար Ազնավուրը շատ բան արեց: Դա բոլորը գիտեն: Հայաստանը ի՞նչ պիտի աներ Ազնավուրի համար: Ես մտածում էի, որ այդ գրքերով ինքը շատ է ուրախանում, և ինչ-որ բան էլ մենք էինք անում: Առաջին գիրքը, որ նվիրեցի իրեն՝ մի 50-60 օրինակ, հաճույքով սկսեց նվիրել»:
Անդրադառնալով իր ղեկավարած հրատարակչության գործունեությանը՝ Սամվել Գասպարյանն ասաց․ - «1993 թվականին ստեղծվեց հրատարակչությունը: Դա այն տարիներին էին, երբ մարդիկ գիրք էին այրում, մենք գիրք էին հրատարակում․․․ Լավացան օրերը, բայց իշխանության եկան մարդիկ, որոնք գիրք չէին սիրում: Մթնոլորտը դեռ նպաստավոր չէր գրքի համար: Հետո կամաց-կամաց մենք ունեցանք ուղղվածություն․ սկսեցինք հրատարակել բառարաններ: Բառարաններից հետո սկսեցինք Հայաստանի մասին հանրագիտարանային գրքեր հրատարակել»:
Գրահրատարակիչների խնդիրների մոտ 60-70 տոկոսը, ըստ Գասպարյանի, հենց իրենցից է գալիս․ - «Ոորվհետև մենք չգիտենք ընթերցողը ինչ է ուզում: Հրատարակիչը պիտի հասկանա, թե ինչ է պետք ժողովրդին: Մեր խնդիրներից է եղել մթնոլորտի բացակայությունը: Եթե լավ գիրք ես անում, այդ գրքի համար եթե չկա մթնոլորտ, եթե մարդը աշխատավարձ չի ստանում, եթե գրքի փոխարեն քարոզվում է գարեջուրը, կամ ոսկին, կամ թալանը, իրար խաբելը․․․ եթե դա է քարոզվում, ի՞նչ գրքի մասին է խոսքը: Գիրք իհարկե չեն առնի: Ես երբեք իշխանամետ չեմ եղել և չեմ լինի, բայց ես հույս ունեմ, որ նոր իշխանությունների օրոք կհաստատվի այդ մթնոլորտը: Արդեն հաստատվել է: Տեսնում ենք․ արդեն գեղարվեստական գրքեր են առնում: Ես իմ գրքերի շարժով զգում եմ, որ ժողովուրդը նորից եկավ դեպի գիրքը»: