Մատչելիության հղումներ

Գաղտնալսման գործով ԱԺ հանձնաժողովի նախագահը «սպառիչ» է համարում դատավոր Վաչե Մարգարյանի պատասխանները


Խորհրդարանի քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյան
Խորհրդարանի քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման գործով այսօր Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով էր հրավիրվել դատավոր Վաչե Մարգարյանը:

Նիստը դռնփակ էր և միայն քննարկման ավարտից հետո լրագրողները փորձեցին դատավոր Վաչե Մարգարյանից հետաքրքրվել՝ արդյո՞ք ինքն է գաղտնալսված հեռախոսազրույցում հիշատակվող դատավոր Հրաչը:

«Իմ անունը Վաչե է։ Ես հրաժարվում եմ ձեր հարցերին պատասխանելուց», - ասաց նա։

Ձայնագրությունը հրապարակվել էր սեպտեմբերին: Ըստ դրա՝ Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին հայտնում է, որ իրեն էր զանգել դատավոր Հրաչը, որը, իր տպավորությամբ, վախեցած էր և ինքն էլ հորդորել է դուխով կալանքի որոշում կայացնել: Ըստ մամուլի, խոսքը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Վաչե Մարգարյանի մասին էր:

«Նախաքննություն է ընթանում, ինչպես նաև Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով է ստեղծվել, նախաքննություն է ընթանում», - ընդգծեց Վաչե Մարգարյանը։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը թեև դռնփակ նիստի քննարկումից որևէ տեղեկություն չհայտնեց, բայց հայտարարեց՝ դատավորի պատասխանները սպառիչ էին:

«Այսինքն մենք այս պահին դատավորին առնչվող հարցերի պատասխանները ստացանք սպառիչ, բայց դա չի նշանակում, որ դրանով ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը», - նշեց Կոստանյանը։

Գևորգ Կոստանյանը չասաց, թե հաջորդ նիստին ով է հրավիրվելու, սակայն վստահեցրեց, որ պաշտոնով պայմանավորված կաշկանդվածություն չեն ունենալու:

«Անխտիր բոլոր պաշտոնատար անձինք, անկախ պաշտոնի բարձր-ցածր լինելու հանգամանքից, հրավիրվելու են։ Եվ ոչ միայն այն պաշտոնատար անձինք, ում մասին որ խոսվում է ձայնագրության մեջ, կամ ովքեր որ խոսում են իրար մեջ, այլև այլ պաշտոնատար անձինք, որոնք առնչություն ունեն կամ կարող են ունենալ այդ հանգամանքի հետ, անպայմանորեն հրավիրվելու են», - ընդգծեց նա։

Հանձնաժողովը ստեղծվել էր երկամսյա ժամկետով: Նոյեմբերի 12-ին այն լրանում է: Որպեսզի գաղտնալսման գործն ամբողջությամբ քննեն այս նիստում, հնարավոր է Ազգային ժողովի արտահերթ նիստում ևս երկու ամսով հանձնաժողովի լիազորությունները երկարաձգվեն:

«Ազգային ժողովը արդեն ինքը թող որոշի՝ երկարաձգո՞ւմ է այս հանձնաժողովի լիազորությունները, թե՞ ոչ՝ քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված», - ասաց հանձնաժողովի նախագահը։

Այս գործով դեռևս սեպտեմբերին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:

Գաղտնալսման գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG