Մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Վարդանյանն ապրում էր ԱՄՆ-ում:
Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977-ին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։
1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին՝ Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին՝ ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։ 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել է աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։
2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014-ի հունիսի 24-ից մինչև 2017 թվականը զբաղեցրել է Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը։