Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր ուղերձով է հանդես եկել խորհրդարանի արձակման կապակցությամբ՝ հայտնելով, «խորհրդարանը վարչապետի հրաժարականից և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը»: «Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչև յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը», - ասված է ուղերձում:
«Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: <...> Դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները՝ բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ և երկիրը չտարան նորանոր ցնցումների», - հայտարարում է Բաբլոյանը:
Շնորհակալություն հայտնելով բոլոր պատգամավորներին «նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար», ԱԺ նախագահը միաժամանակ առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում «հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից, այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին և որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով»: «Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարևորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից», - ասված է ուղերձում:
Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում ԱԺ աշխատակազմին, ինչպես նաև մամուլին և խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներին, որոնք, ԱԺ նախագահի խոսքով, «այս ընթացքում բարձր մակարդակով իրականացրեցին մեր աշխատանքների անկողմնակալ ու օպերատիվ լուսաբանումը և ավելին` հաճախ մատնացույց արեցին հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ ու ասես դարձան մեր օգնականներն ու խորհրդատուները»:
«Իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար և տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ <...>: Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել: Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ և ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը: Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ», - իր ուղերձում նշում է Բաբլոյանը՝ շարունակելով․ - «Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը»:
«Չեմ թաքցնում, որ ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ և այլն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի», - ասված է ուղերձում:
Յոթերորդ գումարման Ազգային ժողովին Արա Բաբլոյանը մաղթում է օրինաստեղծ արդյունավետ աշխատանք «և ամենակարևորը՝ պատասխանատվություն»: