Մատչելիության հղումներ

Մենք ցանկանում ենք հասնել առավելագույն ճնշման, բայց չենք ցանկանում վնասել մեր ընկերներին և դաշնակիցներին․ Բոլթոն


ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է առավելագույն ճնշումը գործադրել Իրանի վրա, իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի, բայց չեն ցանկանում որ դրանից տուժեն Միացյալ Նահանգների բարեկամ ու դաշնակից երկրները:

Նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտնելու Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնց թիրախում Իրանի նավթի, գազի ու բանկային համակարգերն են:

«Նախագահն աներկբա ասել է, որ մեր նպատակը առավելագույն ճնշումն է, որպեսզի իրանական նավթի արտահանումը հավասարվի զրոյի», - հայտարարել է Ջոն Բոլթոնը, միաժամանկ նշելով․ - «Մենք հասկանում ենք, ակնհայտ է, որ մի շարք երկրներ, դրանցից մի քանիսը Իրանին անմիջապես հարևան են, ուր ես այցելել եմ անցած շաբաթվա ընթացքում ու նավթ գնող այլ երկրներ՝ հնարավոր է չկարողանան կրճատել գնումները դրանք հասցնելով զրոյի: Մենք ցանկանում ենք հասնել առավելագույն ճնշման, բայց չենք ցանկանում վնասել մեր ընկերներին և դաշնակիցներին և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Բոլթոնն ասել է, որ պատժամիջոցների արդյունքները Իրանում արդեն նկատելի են, ներառյալ իրանական արժույթի՝ ռիալի փլուզվելը:

«Կարևոր է, որ մենք չթուլացնենք մեր ջանքերը», - ընդգծել է նա, արձանագրելով, որ իրանական նավթի գնումների կրճատումներ են նկատվում այնպիսի երկրների կողմից, ինչպիսին Չինաստանն է, ինչը չէր ակնկալվում: - «Մենք նաև տեսնում ենք, որ չինական ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են Իրանի հետ գործարքներից: Եվրոպական բիզնեսը հեռանում է իրանական շուկայից»,- ասել նա:

Բոլթոնը այս մասին խոսել է Ալեքսանդր Համիլթոն կենտրոնում չորեքշաբթի անցկացված քննարկմանը: Այս մասին հաղորդում են «Ասոշիյթեդ փրես» և «Ռոյթերզ» գործակալությունները:

«Ռոյթերզ»-ի մեկնաբանությամբ՝ Իրանի դեմ կոշտ պատժամիջոցների կողմնակից Բոլթոնի կողմից սա որոշ չափով մեղմացում է, քանի որ նա ընդունում է՝ որոշ երկրներ չեն կարող անմիջապես դադարեցնել, կամ զգալի կրճատել իրանական նավթի ներմուծումը:

Իրանի դեմ պատժամիջոցները էլ ավելի խստացնելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր անցած մայիսին, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ աշխարհի գերտերությունների և Իրանի միջև 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրից: Թրամփը միշտ պնդում էր, որ դա ահավոր վատ համաձայնագիր է և պետք է վերանայվի: Սակայն Թեհրանը հրաժարվեց քննարկել միջուկային համաձայնագիրը վերանայելու հարցը, որին հետևում են Վաշինգտոնի կոշտ պատժամիջոցները:

Ամերիկյան օրենքներով Վաշինգտոնը կարող է նաև պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք չեն դադարեցնի, կամ էականորեն չեն կրճատի իրանական նավթի ու նավթամթերքների գնումները: ԱՄՆ-ի վարչակազմն ասել է, որ ամերիկյան պատժամիջոցներին չհետևելու յուրաքանչյուր կոնկրետ դեպք առանձին է դիտարկելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG