«Ինչո՞ւ համաներումը չի տարածվում մեկ և ավելի անչափահաս երեխա ունեցող կանանց վրա»․ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն իրեն հուզող այս հարցը երեկ խորհրդարանի ամբիոնից բարձրացնելով՝ հիշեցրեց 10 հազար դրամ գողության համար 5 տարվա ազատազրկման դատապարտված 3 անչափահաս ու մեկ չափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի դեպքը:
«Կինը չորս երեխաների միայնակ մայր է: Դեռևս դատավճիռ չկա, սակայն կնոջ կալանավորման պարագայում այդ երեխաները մնալու են առանց ծնողական խնամքի, և դա բոլորովին չի բխում երեխաների լավագույն շահից», - ասաց Նազարյանը՝ շարունակելով․ - «Ինչո՞ւ ենք պատժից ազատում երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց և չենք ազատում մեկ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող անձանց: Ինչո՞վ է պայմանավորված նման տարբերակումը»:
Պատգամավորը հայտարարեց, որ գրավոր առաջարկով հանդես կգա, նույնն ասաց նաև ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Համաներման նախագիծը խորհրդարանում ներկայացրած Արդադատության նախարարի պաշտոնակակար Արտակ Զեյնալյանը երեկ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ արձագանքեց բարձրացած հարցին՝ ասելով, որ ավելի քան 6500 շահառու ունի այս համաներումը․ - «Նախկինում չի եղել, որ մինչև երեք տարեկան մեկ երեխա ունեցողներին ազատենք համաներմամբ և երեք անչափահաս [երեխա ունեցողներին] ազատենք: Նախաձեռնությունը եղել է չորս անչափահաս երեխաների հաշվարկով, սակայն նվազեցվել է մինչև երեք: Սա հավասարակշռված է մեր հնարավորություններով»:
«Շատ դեպքերում դատապարտվում են միայնակ կամ բազմազավակ կանայք, և երեխաները մնում են առանց ծնողական խնամքի», - ընդգծեց Լենա Նազարյանը: - «Ես խնդրում եմ նաև դիտարկել գոնե միայնակ մայրերի դեպքում մեկ և ավելի անչափահաս երեխաներ ունեցողների պարագայում պատժից ազատելու հնարավորությունը»:
ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 9 տարի անազատության մեջ անցկացրած 57-ամյա Սիլվա Ասատրյանը բանտում քիչ չի տեսել կանանց, որոնց ընտանիքները քանդվել են նրանց ազատազրկումից հետո:
10 քառակուսի մետրանոց կիսամութ խցեր, տարվա եղանակներն ու օրվա ժամերը խցում չզգացող կանայք, բանտային ոչ կանոնադրական հարաբերություներ․ ահա նրա տեսածն ու զգացածը․ - «Եվ անընդհատ երկաթյա լվացարանի մեջ կաթացող ջրի ձայն էդ խայտառակ լռության մեջ: Երկաթյա մահճակալներ են, մինչև կյանքի վերջ հիշում ես դրանց սառնությունը»:
Որպեսզի այս իրավիճակից չխելագարվի, մեկուսարանում անցկացրած 9 տարիների ընթացքում սովորել է նկարել, կավագործությամբ զբաղվել, ցուցահանդեսներ է կազմակերպել, գրքեր թարգմանել, հատորներ կարդացել, օգնել կին դատապարտյալներին բողոքներ ու դիմումներ գրել, ինքն է բարձրաձայնել հանդիպած անարդարությունների մասին և այլն:
Նա պնդում է, որ ամուսնու հայրական տունն ու հարակից 1000 քմ տարածքը պետական ռեկետով իրենցից զավթել է ԱԺ հանգուցյալ պատգամավոր Մելիք Գասպարյանը, հետո նրա հանդեպ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ազատազրկվել ու որոշ ժամանակ անց արդարացվել են որդին ու ամուսինը: Ամենածանր պատիժին իրեն է հասել՝ 9 տարվա ազատազրկում:
ՄԻԵԴ-ի որոշումով այս գործով դատական բոլոր ակտերը բեկանվել են, դատավճիռ այսօր գոյություն չունի, գործն էլ քննվում է զրոյից: Մեղադրանքն առայսօր չընդունող 57-ամյա մանկավարժ կնոջն ազատ արձակվելու լուրը չի ուրախացրել․ - «Եթե նույնիսկ մի օր շուտ լիներ դա, ես կուրախանայի, որ հաղթեցի: Բայց երբ որ պատիժը լիարժեք կրելուց հետո քեզ ասում են՝ դու արդարացված ես, դա արդեն կարծես ինձ պետք էլ չի: Թվում էր, որ ես կուրախանամ, բայց ես զգացմունք չունեցա․․․»
Գրեթե մեկ տասնամյակ բանտում անցկացրած տիկին Սիլվան վերադառնալով համաներմանն՝ ասաց, որ կանանց հանդեպ վերաբերմունքը պետք է այլ լինի․ թող կրեն պատիժը, բայց ընտանիքի ու հատկապես երեխաների հետ կապը բանտը պետք է հնարավորինս հաճախ թույլատրվի, որ հասարակություն վերադարձող կինն ավելի դաժանացած ու չարացած չլինի, որ փլուզված ու դատարակ տուն չմտնի:
Այսօր խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց համաներման օրինագծին:
«Առաջարկի մի մասը նախագծում ներառված է եղել, բայց կլինեն նաև այնպիսի կանայք, որոնց վրա դա չի տարածվի, որովհետև ծանր հանցագործություն են կատարել», - «Ազատությանն» ասաց Լենա Նազարյանը: