Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ»․ «Ղարաբաղյան հարցում տեղաշարժեր են նկատվում»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանում է Արցախ, որտեղ նրան դիմավորում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, հունիս, 2018թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանում է Արցախ, որտեղ նրան դիմավորում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, հունիս, 2018թ․

«Ղարաբաղյան հարցում տեղաշարժեր են նկատվում» վերնագրված հոդվածում ռուսական «Կոմերսանտ»-ը այսօր գրում է, որ չնայած հակամարտության կարգավորման գործում չկա առաջխաղացում, միջնորդները չեն թողնում կարգավորումը տեղից շարժելու փորձերը։

«Կոմերսանտ»-ը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի Հարավային Կովկաս այցին է նաև անդրադառնում և գրում, որ Ջոն Բոլթոնը Երևանում անսպասելի կանխատեսում է արել՝ ասելով, թե վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Բաքվի հետ համարձակ քայլերի քարտ բլանշ է ստանալու։ Ավելի վաղ, շարունակում է ռուսական պարբերականը, նմանատիպ հայտարարություն էր արել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Թերթն ընդգծում է, որ Փաշինյան արձագանքը ամերիկացի պաշտոնյայի հայտարարությանը բավականին կոշտ էր։ Փաշինյանը ասել էր, որ չի կարող լինել այնպիսի լուծում, որը ընդունելի չլինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների ու Արցախի իշխանությունների համար։ Օգտագործելով Արցախ անվանումը, որը Մեծ Հայքի նահանգներից մեկի անվանումն էր, Փաշինյանը ցույց է տալիս, որ իր դիրքորոշումն ավելի կոշտ է, քան Հայաստանի նախկին ղեկավարների դիրքորոշումը, գրում է ռուսական պարբերականը:

Երեկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «Կոմերսանտ»-ի հարցին ի պատասխան իր հերթին ասել է, թե կառավարության ծրագրում հստակ գրված է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է ունենա իր ձայնն ու ներգրավված լինի բանակցություններում։ «Հայկական կողմի քայլերը ուղղված են հարցի խաղաղ կարգավորմանը հենց այս տրամաբանության շրջանակներում», - Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը։

Ռուսական թերթը նաև արձանագրում է, որ հայկական կողմի՝ բանակցությունների ձևաչափը փոխելու այս նախաձեռնությանը որևէ պաշտոնական արձագանք միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չի հետևել։

«Կոմերսանտ»-ը այս թեմայով խոսել է նաև «Քաղաքակրթությունների երկխոսություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոյի հետ, ում կարծիքով՝ Մինսկի խումբը չի կարող ընդունել ձևաչափը փոխելու մասին հայկական կողմի առաջարկը, քանի որ դրան դեմ է Բաքուն, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ միջնորդական այս ձևաչափը անարդյունք է աշխատում։

Մալաշենկոյի պնդմամբ՝ Փաշինյանը հասկանում է, որ ղարաբաղյան խնդիրը չի կարգավորվելու և իրական երկխոսություն Բաքվի հետ Երևանը չի ունենալու, այդուհանդերձ, «գիտակցաբար բարձրացնում է հայկական կողմի պայմանների նշաձողը՝ երկրի ներսում իր դիրքերը ամրապնդելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG