Մատչելիության հղումներ

Ջիանի Բուքիքիո․ Երբ փոփոխությունը բարելավում է ենթադրում, պետք չէ դրան հակադրվել


Նիկոլ Փաշինյանը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Երևան, 31-ը հոկտեմբերի, 2018
Նիկոլ Փաշինյանը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Երևան, 31-ը հոկտեմբերի, 2018

Խոսելով Ընտրական օրենսգրքի չընդունված նախագծի մասին՝ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն տեսակետ հայտնեց, թե պետք չէ հակադրվել փոփոխությանը, եթե այն բարելավում է ենթադրում:

Մինչև խորհրդարանի քվեարկությունը նախագիծը քննարկվեց Վենետիկի հանձնաժողովում: Դրանից հետո, հանձնաժողովի նախագահի հայտարարությունը տարբեր կերպ մեկնաբանվեց Հայաստանում:

Փաշինյանի թիմը հայտարարում էր, որ ԸՕ նախագծի վերաբերյալ Բուքիքիոյի գնահատականն աննախադեպ դրական է, իսկ նախկին իշխող ուժը՝ Հանրապետականը պնդում էր, թե գլխավոր շեշտն այն էր, որ ԸՕ-ն ընտրությունից առնվազն մեկ տարի առաջ է պետք փոխել:

«Քանի որ Վենետիկի հանձնաժողովը այս փոփոխությունների տեքստը լիարժեքորեն չի ուսումնասիրել, իմ անձնական գնահատականը եղել է այն, որ առաջարկվող փոփոխություններից շատերը լավն էին, բարելավում էին ընտրական օրենսդրությունը: Ճիշտ է, որ Վենետիկի հանձնաժողովը միշտ ասել է, որ ընտրական օրենսդրությունում փոփոխությունները պետք է կատարվեն ընտրություններից մեկ տարի առաջ․ խաղից առաջ խաղի կանոնները չպետք է փոխվեն իհարկե, բայց երբ դա բարելավման հարց է, երբ մենք ունենք լավ փոփոխություններ, չպետք է հակադրվենք դրանց: Այսպիսով, իմ դիրքորոշումն այն էր, որ փոփոխությունները ողջունելի էին: Ես, իհարկե, կնախընտրեի, որ ամեն ինչ արվեր ավելի շատ երկխոսությամբ և այլն, բայց մենք նաև պետք է հաշվի առնենք Հայաստանի կոնկրետ քաղաքական իրավիճակը և իրավիճակի հստակեցման անհրաժեշտությունը», - նշում է Բուքիքիոն:

Սահմանադրական իրավունքի հարցերում խորհրդատվական հանձնաժողովի նախագահը ժամանակավոր կառավարությանը խորհուրդ է տալիս ընտրվելու դեպքում ծավալել լայն երկխոսություն, ԸՕ նախագիծը քննարկել Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի հետ:

Ըստ Բուքիքիոյի, լավ ընտրական օրենսդրություն ունենալը կարևոր է, բայց առավել կարևոր է, որ ընտրական գործընթացը ազնիվ լինի` առանց կեղծիքի:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը Փաշինյանի կառավարության մոտ այդ կամքը տեսնում է․ - «Խորհրդարանը ինքնիշխան է, և նրանք որոշեցին չընդունել գործող օրենսգրքում առաջարկված փոփոխությունները: Այսպիսով, ընտրությունները կանցնեն գործող օրենսգրքով, որը ևս լավ տեքստ է: Շատ բան կախված է մտածելակերպից և մշակույթից, ինչպես նաև շատ բան է կախված հասարակության և իշխանության մշակույթից»:

Դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն է համարում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանում կա սահմանադրական հավասարակշռության լուրջ խախտում: Կառավարման առկա համակարգում անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ կայուն մեծամասնություն: Դրա բացակայությունը կարող է ճգնաժամի նախադրյալ դառնալ․ - «Եվ ժողովուրդը այս պայմաններում պետք է ձևավորի նոր խորհրդարան՝ կայուն խորհրդարանական մեծամասնությամբ, որը կայուն զարգացման երաշխիքն է: Այսինքն, եթե արդեն իսկ անհնարին է խորհրդարանի ներսում այդ կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորումը, անխուսափելի են դառնում խորհրդարանական արտահերթ ընտրությունները»:

«Նոր հազարամյակի սահմանադրականությունը» միջազգային խորհրդաժողովի իր ելույթում Հարությունյանը խոսեց սահմանադրականության դեֆիցիտի վտանգների մասին ու պնդեց՝ Հայաստանում դա հանգեցրեց քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճմանը: Դա էլ, ըստ ՍԴ նախկին նախագահի անխուսափելի է դարձնում սոցիալական պայթյունը:

ԲԴԽ նախագահը մայիսյան իրադարձությունների խաղաղ հանգուցալուծման գործում կարևորեց 2015-ին սահմանադրական փոփոխությունների դերը․ - «Եթե սահմանադրական բարեփոխումները չստեղծեին անհրաժեշտ նախադրյալներ խաղաղ ու սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու համար, ապա սահմանադրական դեֆիցիտի հետագա խորացումը երկրում առավել մեծ պայթյունի կարող էր հանգեցնել՝ իր ավերիչ հետևանքներով հանդերձ»:

2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Նախագահ Սերժ Սարգսյանը, որը նախկինում հայտարարել էր այլևս երկրի ղեկը ստանձնելու հավակնություններ չունենալու մասին, իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց վարչապետի թեկնածու և ընտրվեց, ինչն էլ երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ՝ ի վերջո հանգեցնելով հեղափոխության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG