«Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի վարչապետի ընտրության հարցով քվեարկությանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է: Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ է կրում։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցութան ղեկավար Լենա Նազարյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ իրենք ևս նպատակ չունեն Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետի պաշտոնում։
«Այս ամենն արվում է, որպեսզի ապահովենք Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը։ Այս նիստում վարչապետի չընտրվելու դեպքում Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի», - հայտարարեց Նազարյանը։
Եթե խորհրդարանն այսօր էլ վարչապետ չընտրի, ապա իրավունքի ուժով Ազգային ժողովը կարձակվի, և դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Փաշինյանը նախքան նիստը «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, որ ընտրություններն, ըստ պայմանավորվածության, տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։