Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը Բաքվին և Երևանին առաջարկում է հրաժարվել միջնորդների ծառայություններից և ուղղակի բանակցություններ սկսել: Այս մասին Միլի մեջլիսի պատգամավորը ասել է «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում:
«Հարկավոր է բանակցությունների նոր ձևաչափ ստեղծել` չեզոքացնելով երրորդ կողմերի մասնակցությունը: Բանակցությունների հերթական փուլում նրանց կարող են միանալ նաև Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները», - նշել է Օրուջը:
Ադրբեջանցի պատգամավորի խոսքով՝ այս նոր ձևաչափի օգտին են խոսում Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: «Դրանցից հետո կողմերի միջև օպերատիվ կապ հաստատվեց, հնարավոր եղավ թուլացնել շփման գծում առկա լարվածությունը: Դա վկայում է, որ ուղիղ բանակցությունները միանգամայն հնարավոր են և իրական», - հայտարարել է Զահիդ Օրուջը: