Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետի ընտրության հարցով քննարկումը


Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը։

Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ վարչապետի պաշտոնում առաջադրվել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

«Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ է կրում, և մենք նպատակ չունենք Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետի պաշտոնում։ Այս ամենն արվում է, որպեսզի ապահովենք Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը։ Այս նիստում վարչապետի չընտրվելու դեպքում Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի», - հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Նիկոլ Փաշինյանը ևս նշեց, որ այս առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ։

«Արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անցկացնում ոչ թե վարչապետ ընտրելու, այլ վարչապետ չընտրելու համար։ Այս նիստում առաջադրումը պարտադիր չէր, անհրաժեշտ չէր, և վարչապետ չընտրվելու պարագայում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։ Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչն է պատճառը, որ առաջադրվելու որոշում կայացվեց. նախորդ նիստի ընթացում իմ ելույթի մեկ ժամանոց ժամանակը զարմանալիորեն չհերիքեց, որպեսզի բոլոր անհրաժեշտ, կամ իմ կարծիքով կարևոր հարցերը քննարկենք, և այսօրվա իմ ելույթը ես կնվիրեմ Հայաստանում ստեղծված տնտեսական վիճակին», - ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է: Եվ խորհրդարանը եթե այսօր էլ վարչապետ չընտրի, ապա իրավունքի ուժով կարձակվի, և դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG