Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքներին օժանդակելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու համար: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները միտված են եղել առավելագունը ազատ, արդար և թափանցիկ ընտրական համակարգի ձևավորմանը, և հավելել, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ համագործակցությունն ու բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Բուքիքիոն ողջունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը և նշել, որ կարևորում են դրանցով նախատեսված փոփոխությունները: Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախանշված բարեփոխումները, որոնք միտված են քվեարկության իրավունքի իրականացմանը, դիտորդների իրավունքների պաշտպանությանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին, ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացմանը և այլն: Վենետիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ընտրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում հաջողությամբ կիրականացվի:

Նիկոլ Փաշինյանը և Ջիաննի Բուքիքիոն քննարկել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունն անելու է առավելագույնը՝ կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները կասկածներ չեն հարուցի որևէ մեկի մոտ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ շարժվում է ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված ուղղություններով բարեփոխումները առաջնահերթություն են, իսկ ժողովրդավարության զարգացումը մեր հասարակության համար ներքին պահանջ է, համոզմունք և հիմնարար արժեք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG